Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը եվրոպական երկրներին մեղադրել է Թեհրանի հետ դիմակայությունում ԱՄՆ-ին աջակցելու մեջ և նախազգուշացրել Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի համաշխարհային հետևանքների մասին, փոխանցում է Mehr-ը։ «Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի», — գրել է Մոխբերը սոցիալական ցանցերում՝ մեկնաբանելով եվրոպական մի շարք երկրներում բողոքի ցույցերն ու հանրային դժգոհությունը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները, որը Փարիզում առկա ճգնաժամային երևույթները կապել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետ։ Մոխբերի խոսքով՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում էր գործադրում Իրանի վրա, եվրոպական պետությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում իրենց գործողություններով աջակցում էին Վաշինգտոնին։ Այժմ, պնդում է իրանցի պաշտոնյան, Եվրոպան բախվում է տնտեսական և սոցիալական ճգնաժամերի, որոնք ինքն է հրահրել։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չմտածված պատերազմի հետևանքները համաշխարհային կլինեն», — ընդգծել է Մոխբերը։ Նրա հայտարարությունները հնչել են Իրանի և արևմտյան երկրների միջև դիմակայության սրման ֆոնին։ Թեհրանը բազմիցս քննադատել է եվրոպական պետություններին՝ Վաշինգտոնի հետ համագործակցության և Իսլամական Հանրապետության նկատմամբ նրա քաղաքականությանն աջակցելու համար։
Միջազգային լուրեր
Խամենեիի խորհրդականը Եվրոպային մեղադրել է Իրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու մեջ. «Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի»

Սկզբնաղբյուր: KARTSIQ