Լիտվան սառեցրել է ռուսաստանցի գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Ալիշեր Ուսմանովի ակտիվները՝ ազգային պատժամիջոցների ռեժիմի շրջանակում։ Դրա մասին երկրի արտգործնախարար Կյաստուտիս Բուդրիսը հայտնել է X սոցիալական ցանցում։ Ըստ Լիտվայի արտգործնախարարի՝ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ երկու ռուսաստանցի օլիգարխները հանվել են Եվրամիության պատժամիջոցների ցանկից։ Բուդրիսի կարծիքով՝ այդ քայլը սխալ ազդակ է հղում Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ֆոնին։ «Կրեմլի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի աջակցում են ազդեցիկ շրջանակները, որոնք շարունակում են շահել ռուսական ագրեսիայից և նպաստել դրան։ Երբ երկու ազդեցիկ ռուսաստանցի օլիգարխների հանեցին ԵՄ պատժամիջոցների ցանկից, դա սխալ ազդակ ուղարկեց»,- գրել է նախարարը։ Նա ընդգծել է, որ Վիլնյուսը մտադիր է ինքնուրույն գործելև չանտեսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման թուլացմանն առնչվող ռիսկերը։ «Լիտվան միջոցներ է ձեռնարկում և մի կողմ չի մնա։ Այսօր մենք սառեցրել ենք Միխայիլ Ֆրիդմանի և Ալիշեր Ուսմանովի ակտիվները՝ մեր ազգային պատժամիջոցների ռեժիմի շրջանակում»,- հայտարարել է Բուդրիսը։ Լիտվայի արտգործնախարարը միաժամանակ կոչ է արել ուժեղացնել և պահպանել Ռուսաստանի և նրանց նկատմամբ պատժամիջոցային ճնշումը, որոնք նպաստում են Ուկրաինայի դեմ նրա պատերազմի շարունակմանը։