Եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ուրբաթ կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու համար Իրանի շուրջ լարվածությունը, Եմենում ընթացող պատերազմը և միջազգային նավագնացության խափանումները։ Հանդիպումը կազմակերպում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է գերմանական dpa գործակալությունը։ Բանակցություններին կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները։ Գործակալության գերմանական կառավարական աղբյուրների տվյալներով՝ կողմերը կքննարկեն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Իրանից բխող սպառնալիքները, Եմենի հակամարտությունը և դրա ազդեցությունը ծովային փոխադրումների վրա, ինչպես նաև եմենական հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա։ Ֆիդանը նաև մտադիր է բարձրացնել Գազայի հատվածում տիրող իրավիճակի, Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի ընդլայնման և պաղեստինցիների նկատմամբ իսրայելցի վերաբնակիչների բռնության հարցերը։ Anadolu թուրքական գործակալության տեղեկություններով՝ նախարարը կձգտի միջազգային հանրության ավելի վճռական արձագանքի և Իսրայելի նկատմամբ ճնշման ուժեղացման։ Մեկ այլ թեմա կդառնան Սև ծովով հացահատիկի արտահանման խափանումները՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պայմաններում։ Այդ մատակարարումները մեծ նշանակություն ունեն Գլոբալ Հարավի բազմաթիվ երկրների պարենային ապահովման համար։ Հանդիպման նախաձեռնողներն են եղել Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Յոհան Վադեֆուլը և Հաքան Ֆիդանը։ Ըստ գերմանացի պաշտոնյաների՝ նրանք հույս ունեն նոր խթան հաղորդել ձգձգված հակամարտությունների կարգավորման ջանքերին և նվազեցնել դրանց հետևանքները Եվրոպայի և այլ տարածաշրջանների համար, այդ թվում՝ էներգակիրների գների աճին առնչվող հետևանքները։
Միջազգային լուրեր
Եվրոպական և Մերձավոր Արևելքի վեց երկրների արտգործախարարները Ստամբուլում կքննարկեն Իրանի շուրջ լարվածությունը.

Սկզբնաղբյուր: KARTSIQ