Մի քանի հազար մարդ է դուրս եկել Լիսաբոնի փողոցներ՝ բողոք արտահայտելու կյանքի և բնակարանի արժեքի աճի դեմ։ Եվս մի քանի հարյուր մարդ մասնակցել է նմանատիպ ակցիայի Պորտուում, հաղորդում է պորտուգալական հանրային RTP հեռառադիոընկերությունը։ Լիսաբոնում մասնակիցները հավաքվել են Ինտենդենտե հրապարակում, որից հետո երթով անցել են Ալմիրանտե-Ռեյշ պողոտայով։ Ակցիան կազմակերպել էր «Այսպես այլևս ապրել չի կարելի» հասարակական հարթակը, որը նախկինում նմանատիպ ցույցեր էր անցկացրել Ավեյրուում, Բրագայում և Պորտուում։ Լիսաբոնյան ակցիայի կազմակերպիչներից Ժուան Կրուշը հայտարարել է, որ եկել է «բնակարանային ահաբեկչության» դեմ պայքարելու ժամանակը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հանդես են եկել բարձր վարձավճարների դեմ, որոնց պատճառով շատերը ստիպված են բնակարան փնտրել քաղաքներից շատ հեռու կամ շարունակել ապրել ծնողների հետ, քանի որ չեն կարող իրենց առանձին բնակարան թույլ տալ։ Պաստառների վրա ցուցարարները նաև գրել են առօրյա ծախսերի վճարման դժվարությունների մասին։ Կարգախոսների թվում եղել են պահանջներ՝ միջոցներ ձեռնարկել բնակարանային ճգնաժամի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի կապակցությամբ։ Որոշ մասնակիցներ հիշեցրել են նաև իսպանուհի Մարիկարմեն Աբասկալի պատմությունը, որին 87 տարեկանում վտարել էին այն տնից, որտեղ նա ապրել էր երիտասարդ տարիքից։ Կազմակերպիչները պահանջում են սահմանել առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի գների վերահսկողություն, ինչպես նաև հարկեր սահմանել բանկային, էներգետիկ և առևտրային ոլորտների խոշոր ընկերությունների գերշահույթների վրա։ Բացի այդ, հարթակը պնդում է, որ անհրաժեշտ է ընդունել լրացուցիչ միջոցներ բնակարանային ճգնաժամը լուծելու համար, որը դժվարացնում է պորտուգալական քաղաքների բնակիչների համար մատչելի բնակարանների հասանելիությունը։