ՌԴ իշխանությունները պնդում են, թե միջազգային հանրությանը լիարժեք տեղեկատվություն են տրամադրում սիբիրյան լաբորատորիայում աշխատակցի՝ ենթադրյալ ժանտախտից մահվան դեպքի վերաբերյալ, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի տիրապետում իրավիճակի «ամբողջական պատկերին»։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունն ի վիճակի չէ «համապարփակ գնահատել ռիսկերը», հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «Տեղեկատվության ժամանակին, լիարժեք և թափանցիկ փոխանակումը խիստ կարևոր է հակասական լուրերը պարզաբանելու և բնակչությանն սպառնացող հնարավոր ռիսկերը ճիշտ գնահատելու համար», - հավելել է նա։ ԱՀԿ-ին մինչ օրս հայտնի չէ, թե Սիբիրի և Հեռավոր Արևելքի հակաժանտախտային ինստիտուտի Իրկուտսկի մասնաճյուղի աշխատակից Դարյա Շիպիլովան հատկապես ինչպես և կոնկրետ ինչ վիրուսով է վարակվել, նշել է կազմակերպության համաճարակների և պանդեմիաների հարցերով տնօրեն Մարիա Վան Կերկխովեն։ Նա հարցադրում է արել, որ եթե թոքային ժանտախտը բացառվում է (ինչպես պնդում են ՌԴ իշխանությունները), ապա «իրականում ինչի՞ց է մահացել աշխատակիցը»։ Չորեքշաբթի օրը «Ռոսպոտրեբնադզորը» հայտնել էր, թե «միջազգային բժշկասանիտարական կանոններին համապատասխան» ԱՀԿ-ին «տեղեկություններ է տրամադրել իրավիճակի վերաբերյալ»։ Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել էր, որ «ԱՀԿ-ն հրապարակել է իր դիրքորոշումն այն մասին, որ Իրկուտսկում գրանցված արտահիվանդանոցային թոքաբորբի դեպքի առնչությամբ սանիտարահամաճարակային ռիսկեր չկան»։ Թեդրոսը, սակայն, ընդգծել է, որ ցանկանում է լրացուցիչ պարզաբանումներ ստանալ նաև մամուլում շրջանառվող այն չհաստատված լուրերի վերաբերյալ, թե իբր «անհայտ ծագման թոքաբորբով վարակվել է ևս մեկ աշխատակից»։ «Մենք վերլուծում ենք տեղի բնակիչներից ստացված բոլոր ահազանգերը։ Այս առնչությամբ մեկնաբանություն ենք խնդրել Ռուսաստանից և սպասում ենք արձագանքի»,- ասել է նա։ Ըստ տեղից ստացվող տեղեկությունների՝ իշխանությունները խիստ կարանտին են սահմանել Շելեխով քաղաքի այն լաբորատորիայում։ Թեստավորման ողջ ընթացքում աշխատակիցները երեք օր շարունակ փակված են մնացել ինստիտուտի շենքում, քնել հատակին ու աթոռներին։ Դարյա Շիպիլովայի մայրը հոկտեմբերի 5-ին տեղական «Գլուբինա» պարբերականին ասել է, որ Իրկուտսկի հիվանդանոցներից մեկում կարանտինի մեջ է և առ այսօր չի ստացել դստեր մահվան պաշտոնական եզրակացությունը։ Դարյան մահացել է հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Շելեխովի շրջանային հիվանդանոցում։ Մայրը, լինելով բուժաշխատող, կոտրված փորձանոթի և դրա հետևանքով վարակվելու վարկածը «զզվելի սուտ և հիմարություն» է որակել։ «Նույնիսկ ոչ բոլոր բժիշկներն են գիտակցում, որ փորձանոթն անհնար է կոտրել։ Անգամ եթե այն ամբողջ ուժով շպրտես պատին։ Նման բան կարող է ասել միայն դիլետանտը։ Նույնիսկ զուտ տեսականորեն ուղղակի անհնար է այն թափել կամ կոտրել։ Դրանք չափազանց հուսալի են պաշտպանված»։ «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ ինստիտուտում կենսաբանական անվտանգության նորմերը վերահսկող հանձնաժողովի ստուգումների արդյունքում «ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատելիս վթարային դեպքեր չեն արձանագրվել»։ Այս եզրակացությունը հաստատել է նաև «փորձագիտական հանձնաժողովը, որն ինստիտուտ էր գործուղվել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովայի հանձնարարությամբ»։
Միջազգային լուրեր
ԱՀԿ-ն Ռուսաստանից դեռևս չի ստացել ժանտախտից հնարավոր մահվան դեպքի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները

Սկզբնաղբյուր: KARTSIQ