Հորմուզի նեղուցը փակ է, և դրա միջով անցումը պետք է համաձայնեցվի իրանական կողմի հետ, հայտարարել է Իրանի բանակի համակարգող տեղակալի պաշտոնակատար, փոխծովակալ Հաբիբոլլա Սայյարին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Իր խոսքերը հաստատելու համար նա մատնանշել է ԱՄՆ-ում բենզինի գների աճը։ «Եթե նեղուցը փակ չլիներ, և նավթը շարունակեր անցնել դրա միջով, ապա Միացյալ Նահանգներում բենզինի գները չէին աճի»,- հինգշաբթի բանակային բուժքույրերի մեծարման արարողության շրջանակում լրագրողներին ասել է Սայյարին։ Նրա գնահատմամբ՝ դա ակնհայտ փաստ է, որը լրացուցիչ ապացույցների կարիք չունի։ Սայյարին խոսել է նաև տարածաշրջանում իրանական ռազմածովային ուժերի տեղակայման մասին։ Նա նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը դիրքեր են զբաղեցնում Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում, իսկ Իրանի կանոնավոր բանակը վերահսկում է նեղուցի արևելյան հատվածը և Օմանի ծոցից հյուսիս գտնվող ջրատարածքը։ Փոխծովակալը շեշտել է, որ նեղուցով ցանկացած անցում պետք է համաձայնեցվի։ Հակառակ դեպքում, նրա նախազգուշացմամբ, հետևանքները կարելի կլինի տեսնել նորություններում։