Իրանում մահապատժի են ենթարկել Սիյավուշ Ջամշիդին։ Նրան մեղադրում էին տարեսկզբին զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի աշխատակիցների վրա կրակելու մեջ: Այս մասին հայտնում է Իրանի դատական համակարգի հետ կապված «Mizan» գործակալությունը: «Mizan»-ի փոխանցմամբ՝ Ջամշիդիին մեղադրանք էր առաջադրվել ցույցերի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ կրակոցներ արձակելու համար: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բջջային հեռախոսի տվյալների վերլուծությունը հաստատել է բողոքի ակցիաներում նրա պարբերական մասնակցությունը և հրազենի կիրառումը: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Աստծո դեմ պատերազմ վարելու» (ինչը ծանրագույն հանցագործություն է համարվում իրանական օրենսդրությամբ), ինչպես նաև հրազեն կիրառելու և երկրի անվտանգության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ: Դատական գործակալության տվյալներով՝ Իրանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել մահապատժի վճիռը: