Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հայտնել է, որ սեպտեմբերի 17-ի գիշերը հեռահար անօդաչու թռչող սարքերով հարվածել է Դոնի Ռոստովում գտնվող «Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանին։ Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցել են Ան-12 մակնիշի մեկ ռազմատրանսպորտային ինքնաթիռ, երկու Ան-26 և երեք ուղղաթիռ։ «Օդային տեխնիկայի կայանատեղիում հրդեհ է բռնկվել, որին հաջորդել են պայթյուններ»,- նշել են ՈՒԱԾ-ում։ Անօդաչուների գրոհից հետո ռազմական օդանավակայանում բռնկված հրդեհի մասին ավելի վաղ հայտնել էր Astra-ն։ Հարձակումից հետո Դոնի Ռոստովի չորս շրջաններում նաև էլեկտրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Մինչ այդ Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը Ռոստովի ռազմական օդանավակայանի ուղղությամբ հարվածների մասին հայտնել էր երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ՝ սեպտեմբերի 6-ին։ Այն ժամանակ, ուկրաինացի զինվորականների փոխանցմամբ, օբյեկտի տարածքում ևս հրդեհ էր բռնկվել, սակայն թե կոնկրետ ինչ էր խոցվել, չէր հաղորդվում։ Ընդ որում՝ Ուկրաինայի զինված ուժերը պնդում էին, որ Ռոստովում ոչնչացրել են «Պոդլյոտ» ռադիոլոկացիոն կայան և «Պանցիր-Ս1» երկու զենիթահրթիռային համալիր։ Ուկրաինացի զինվորականները դա հաստատող որևէ լուսանկար կամ տեսանյութ չեն տրամադրել։ Սեպտեմբերի 2-ին Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը զեկուցել էր Ռոստովի մարզի «Միլլերովո» օդանավակայանի շրջանում ՄիԳ-29 կործանիչի և Կրասնոդարի երկրամասի «Եյսկ» օդանավակայանի մերձակայքում Կա-27 ուղղաթիռի ոչնչացման մասին։ Օգոստոսի վերջին ՈՒԱԾ-ն հայտնել էր Սարատովի մարզի Էնգելս քաղաքի ավիաբազայում ռուսական Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչին հասցված հարվածի մասին։ Ուկրաինական Exilenova+ և AviVector մոնիթորինգային ալիքները հրապարակել էին օդանավակայանի արբանյակային լուսանկարը, որտեղ երևում էր խիստ վնասված աջ թևով ինքնաթիռ։ Հուլիսի 16-ին նույն ռազմական օդանավակայանի վրա հարձակման հետևանքով ռազմավարական ռմբակոծիչներից մեկը մնացել էր առանց պոչամասի։ Այն ժամանակ ՈՒԱԾ-ում նշել էին, որ ինքնաթիռը խոցվել է անօդաչուների կողմից։ Նշենք, որ Էնգելսը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից շուրջ 800 կմ հեռավորության վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինական բանակը հարվածում է ռուսական մարտական այն ինքնաթիռներին, որոնք պարբերաբար ռմբակոծում են ուկրաինական քաղաքները։ «Ամեն օր մենք պատասխանում ենք ագրեսիային։ Ռուսաստանը պետք է խաղաղություն ընտրի»,- վերջին հարձակումից հետո սոցցանցերում գրել է նա։
Միջազգային լուրեր
Ուկրաինան հայտարարել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանում 3 ինքնաթիռի և 3 ուղղաթիռի խոցման մասին

Սկզբնաղբյուր: KARTSIQ