Իսրայելի բանակը Բենիամին Նեթանյահուի հանձնարարությամբ պատրաստել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին (այդ թվում՝ էլեկտրակայաններին), միջուկային և կառավարական օբյեկտներին բազմօրյա հարվածներ հասցնելու ծրագիր։ Այս մասին Financial Times-ին հայտնել են տեղեկացված երեք աղբյուրներ։ Ռմբակոծությունները նախատեսվում էր սկսել հոկտեմբերի 10-ից՝ հոկտեմբերի 27-ին նշանակված Իսրայելի համընդհանուր ընտրությունների նախաշեմին։ Թել Ավիվը Վաշինգտոնին կոչ էր արել միանալ ռազմական արշավին, սակայն Դոնալդ Թրամփը բացառել էր հակամարտության վերսկսումը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները։ FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ռմբակոծությունների նոր ալիքն իր մասշտաբներով պետք է գերազանցեր փետրվարի վերջին բռնկված պատերազմի մեկնարկին ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունը։ Այն ժամանակ հակամարտության ամենաթեժ փուլը տևել էր մոտ մեկուկես ամիս։ Այժմ իսրայելական հետախուզությունը թիրախների նոր ցուցակ է կազմել, որոնցից շատերը նախկինում երբևէ չէին հրթիռակոծվել։ Հայտնի չէ՝ արդյոք ԱՄՆ-ն սկզբունքորեն պատրաստ է Իսրայելի հետ միասին վերսկսել հարվածները։ «Չի բացառվում», որ դա տեղի ունենա առաջիկա շաբաթներին, ասել է FT-ի զրուցակիցներից մեկը։ «Կլինի կա՛մ պայմանավորվածություն [Իրանի հետ], կա՛մ հարձակում»,— հավելել է նա՝ ենթադրելով, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Թեհրանին ստիպել ընդունել իր պայմանները Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը հրապարակայնորեն սպառնացել էր Իրանին նոր հարվածներով՝ մասնավորապես հայտարարելով, որ եթե Թեհրանը «սեղմ ժամկետներում չփոխի իր պահվածքը», ԱՄՆ-ն և Իսրայելը «շուտով գործը մինչև վերջ կհասցնեն»։ CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը նույնպես Իրանին հարվածներ հասցնելու նոր ծրագիր է մշակել, որը նախատեսում է էներգետիկ և միջուկային օբյեկտների դեմ կիրառել ԱՄՆ զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը։ Թեհրանն իր հերթին պատրաստվում է ոչ միայն դիմակայել նոր հարվածներին, այլև ընդլայնել պատերազմի աշխարհագրությունը։ Իրանցի որոշ պաշտոնյաներ սկսել են ակնարկել, որ իրենց զորքերը կարող են ցամաքային ներխուժում իրականացնել հարևան երկրների տարածք։ Իսկ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ նոր հարվածների թիրախ կարող են դառնալ ԱՄԷ-ն (որին Թեհրանը գրեթե չէր հրթիռակոծել գարնան վերջից), ինչպես նաև ողջ տարածաշրջանի տվյալների կենտրոններն ու ինտերնետային մալուխները։