ԱՄՆ նախկին կոնգրեսական Դեյվիդ Ռիվերան 10 տարվա դաշնային բանտարկության է դատապարտվել՝ Վենեսուելայի կառավարության օգտին ծածուկ աշխատելու համար։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, որին հղում է անում CBS News-ը՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում նա ներգրավված է եղել 50 միլիոն դոլարանոց լոբբիստական արշավում։ Մայիսին՝ յոթ շաբաթ տևած դատավարությունից հետո, երդվյալ ատենակալները 61-ամյա Ռիվերային մեղավոր են ճանաչել։ Դատարանի վճռով նա մեղավոր է ճանաչվել Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) խախտելու նպատակով դավադրության, օրենքները խախտելու, փողերի լվացման շուրջ համաձայնության գալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով ապօրինի գործարքներ անելու 4 դրվագով։ Քննության տվյալներով՝ 2017-2018 թվականներին Ռիվերան ու քաղաքական խորհրդատու Էսթեր Նուֆերը 50 միլիոն դոլարի պայմանագիր էին կնքել Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության դուստր ձեռնարկության հետ։ Նրանք պետք է ԱՄՆ-ում առաջ տանեին Նիկոլաս Մադուրոյի կառավարության շահերը, սակայն այդ գործունեությունը որպես օտարերկրյա գործակալական աշխատանք չէին գրանցել։ Ռիվերան ու Նուֆերը, մասնավորապես, լոբբինգ էին անում ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում և հանդիպումներ կազմակերպում ԱՄՆ ներկայացուցիչների ու Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Նրանք փորձել են կապեր հաստատել, օրինակ, այն ժամանակվա սենատոր Մարկո Ռուբիոյի և կոնգրեսական Փիթ Սեշնսի հետ։ Ռիվերան կապի մեջ էր նաև վենեսուելացի գործարար Ռաուլ Գորինի հետ։ ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատավարության ընթացքում հայտարարել է, որ Ռիվերայի այդ գործարքի մասին իմացել է միայն ավելի ուշ։ Ի դեպ, նրանք նախկինում միասին աշխատել են Ֆլորիդայի օրենսդիր մարմնում և ապրել Թալահասիի նույն տանը։ Պաշտպանական կողմը պնդում էր, թե Ռիվերան ազնիվ մղումներով է գործել և կարծել է, որ իր աշխատանքը չի պահանջում գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ Փաստաբանների խոսքով՝ նրա նպատակն է եղել հասնել Մադուրոյի հեռացմանն ու բարելավել ԱՄՆ-Վենեսուելա հարաբերությունները։ Բացի ազատազրկումից, դատարանը որոշել է բռնագրավել Դորալում ու Ֆլորիդա Քիսում գտնվող Ռիվերայի անշարժ գույքը։ Ինչ վերաբերում է Նուֆերին, որն անցնում էր նույն գործով, ապա նա ավելի վաղ արդեն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։
Միջազգային լուրեր
ԱՄՆ նախկին կոնգրեսականը և Մարկո Ռուբիոյի ընկերը 10 տարի է ստացել Վենեսուելայի շահերը գաղտնի լոբբինգ անելու համար

Սկզբնաղբյուր: KARTSIQ