Սեպտեմբերի 23-ին ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին։ Հարձակման հետևանքով կա 2 զոհ և 25 վիրավոր, որոնցից 17-ը հոսպիտալացվել են, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Քաղաքային դատախազության փոխանցմամբ՝ զոհվածներից մեկը 42-ամյա տղամարդ է, որը մահացու վնասվածքներ է ստացել Դարնիցկի շրջանի ավտոգազալցակայանին հասցված հարվածից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պատերազմական հանցագործության հատկանիշներով (ՔՕ 438-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Նույն շրջանում ԱԹՍ-ները թիրախավորել են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտ, պահեստ, ինչպես նաև Ուկրաինայի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի՝ «Դարնիցայի» գործարանը։ Ձեռնարկությունում հաստատել են հարվածի փաստը՝ ճշտելով, որ աշխատակիցների շրջանում զոհեր չկան։ Գոլոսեևսկի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել «Ուկրնաֆտայի» ավտոլցակայանում։ Ընկերության ղեկավար Բոգդան Կուկուրայի խոսքով՝ սա վերջին շաբաթներին իրենց ենթակառուցվածքների վրա իրականացված արդեն վեցերորդ գրոհն է․ տուժածներ չկան։ Կիևի քաղաքային ռազմական վարչությունից հայտնում են, որ անօդաչուները վնասել են նաև պահեստ, քառահարկ բիզնես կենտրոն և ոչ բնակելի տարածք։ Սոլոմենսկի շրջանում կրակը համակել է տրանսպորտային ձեռնարկության տարածքը։ Բացի այդ, հարձակումից այրվել է Կենտրոնական երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող «Շայբա» շուկան․ կայարանի շենքն ինքնին, ըստ «Ուկրզալիզնիցյայի», չի վնասվել։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է խանութի վրա, մյուսը՝ հարվածել ոչ բնակելի 9-հարկանի շենքի։ ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է Կիևի շինարարության և ճարտարապետության ազգային համալսարանի ու «Դիպրոսվյազի» շենքի թիրախավորման մասին։ «Պավուտինա» և UTELS ինտերնետ-պրովայդերների տվյալների մշակման կենտրոնների վնասման պատճառով բաժանորդների մի մասը զրկվել է կապից։
Միջազգային լուրեր
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին. երկու մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

Սկզբնաղբյուր: KARTSIQ