Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացումը չի նպաստի պատերազմի դադարեցմանը, այլ, ընդհակառակը, Վլադիմիր Պուտինին առիթ կտա կարծելու, թե իր գործողություններն աջակցություն են ստանում։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի հանդեպ նման վերաբերմունքից Պուտինը «ուրախություն ու երջանկություն» է զգում։ Այս մասին Զելենսկին ասել է լրագրողների հարցերին առցանց պատասխանելիս, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։ Անդրադառնալով «Գրեմի օրենքով» Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ առայժմ չսահմանելու Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Զելենսկին մտավախություն է հայտնել, որ Մոսկվայի նկատմամբ սահմանափակումները հետագայում էլ ավելի կթուլանան։ «Կարծում եմ՝ դիզելային գործիքն ընդամենը առաջին քայլն է։ Ցավոք, ինձ թվում է, որ այս ճանապարհով հնարավոր չէ կանգնեցնել Պուտինին. ընդհակառակը, նա ուրախություն ու երջանկություն է ապրում նման աջակցություն ունենալուց»,— նշել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ, Զելենսկին հույս է հայտնել, որ Թրամփը կշարունակի ջանքեր գործադրել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարը պետք է դադարեցնի սպանությունները, ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներն ու ռազմական գործողությունները։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Պուտինին կանգնեցնել չի հաջողվի ո՛չ Կիևի պատասխան գործողությունները ռուսական գրոհներին սահմանափակելով, ո՛չ էլ Մոսկվայի վրայից պատժամիջոցները հանելով։ Զելենսկին նաև հայտնել է, որ ուրբաթ օրը ուկրաինական բանակցային խումբը կապի մեջ է եղել ամերիկյան կողմի հետ։ Նրա փոխանցմամբ՝ կողմերը քննարկում են հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։ «Ես նույնպես պատրաստ եմ հանդիպել նրանց հետ։ Կարծում էի՝ նրանք ժամանակ և հնարավորություն կգտնեն Բրյուսել գալու համար, սակայն ամերիկյան կողմի մոտ դա չստացվեց։ Բայց կարծում եմ՝ այս շաբաթ նրանք հնարավորություն կունենան, և մենք կգտնենք հանդիպման համապատասխան ձևաչափը»,— ասել է նա։ Թրամփը հոկտեմբերի 16-ին հրամանագիր էր ստորագրել, որով հրաժարվել էր «Գրեմի օրենքի» հիման վրա նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ նախագահն այդ որոշումը բացատրել էր Միացյալ Նահանգների ազգային շահերով։ Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ այդ օրենքը նախկինի պես կարող է ծառայել որպես Մոսկվայի վրա ճնշում գործադրելու գործիք։
Միջազգային լուրեր
Պուտինն «ուրախություն և երջանկություն» է զգում ԱՄՆ-ի աջակցության պատճառով․ Զելենսկի

Սկզբնաղբյուր: KARTSIQ