Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին հայտարարել է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության՝ իսրայելական բանակը կարող է «շատ կարճ ժամանակում» կործանվել, փոխանցում է Mehr գործակալությունը։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները բախվել են Իրանի հավատքի և վճռականության «հզոր պատնեշին»։ Ելույթ ունենալով Թեհրանում կայացած ԻՀՊԿ-ի և Իրանի բանակի հրամանատարությունների համատեղ նիստում՝ Վահիդին նշել է, որ հակառակորդը լուրջ սխալ է թույլ տվել Իրանի զինված ուժերի կարողությունները գնահատելիս։ Ըստ նրա՝ իրանցի զինվորականները բարձր արդյունավետություն են ցուցաբերել վերջին երկու պատերազմների ժամանակ, որոնցում Իրանի դեմ հանդես էին գալիս ԱՄՆ-ն ու Իսրայելը։ Վահիդին ընդգծել է, որ վերջին զինված հակամարտությունների գլխավոր ձեռքբերումներից մեկը ազգային համախմբվածությունն է եղել։ Նրա խոսքով՝ բանակը, ԻՀՊԿ-ն և ուժային այլ կառույցներ փոխգործակցության և համակարգման աննախադեպ մակարդակ են ցուցաբերել ինչպես հետախուզական, այնպես էլ օպերատիվ ոլորտում։ «Ամերիկացիները բախվել են իրանական հավատքի և վճռականության հզոր պատնեշին», - հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարը։ Նա հավելել է, որ բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որոնց նա անվանել է Իրանի հիմնական հակաամերիկյան երկու ուժեր, վերջին հակամարտության ընթացքում լուրջ հարված են հասցրել հակառակորդին։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին իր հերթին հայտարարել է երկրի զինված ուժերի բարձր մարտունակության մասին և շեշտել, որ Թեհրանը ոչ մի դեպքում չի պատրաստվում զիջումների գնալ ազգային շահերի հարցում։ Ըստ Հաթամիի՝ բանակի և ԻՀՊԿ-ի փոխգործակցությունը ազգային անվտանգության առանցքային տարրերից է։ Նա նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա «արագ, միասնական, կշռադատված և հզոր արձագանք»։ Բանակի և ԻՀՊԿ-ի հրամանատարության հանդիպումը կայացել է շաբաթ օրը՝ Թեհրանում։ Ռազմական ղեկավարները քննարկել են մարտի դաշտում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և հայտարարել, որ Իրանի զինված ուժերի հնարավորությունները զգալիորեն գերազանցում են հակառակորդների գնահատականները։