Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մերձավոր Արևելքի երկրներ կատարած այցի ընթացքում մտադիր է պայմանավորվածություն ձեռք բերել Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) և Բահրեյնից ամսական 200 հազար տոննա դիզելային վառելիքի մատակարարման շուրջ։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Գործակալության տվյալներով՝ Մակրոնն ԱՄԷ-ից ամսական 100 հազար տոննա վառելիք մատակարարելու «պարտավորության» երաշխիք է ստացել։ Եվս 100 հազար տոննայի մատակարարումը նա ակնկալում է համաձայնեցնել օրվա երկրորդ կեսին՝ Բահրեյն կատարելիք այցի ընթացքում։ Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի արդեն խոստացած լրացուցիչ ծավալները (հոկտեմբերին և նոյեմբերին՝ 95-ական հազար տոննա)՝ Ֆրանսիան ապահովել է ամսական 295 հազար տոննա դիզելային վառելիքի մատակարարման պարտավորություն։ Դա կազմում է երկրի ընդհանուր սպառման շուրջ 10%-ը, ինչը, Ելիսեյան պալատի պնդմամբ, պետք է թույլ տա նվազեցնել գները լցակայաններում։ Ավելի վաղ AFP-ն, հիմնվելով Եվրամիության վիճակագրության վերլուծության վրա, հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին ԵՄ-ում գրանցվել էր դիզելային վառելիքի գնի նոր բացարձակ ռեկորդ. մեկ լիտրի միջին արժեքը հասել էր 2,24 եվրոյի։