ԱՄՆ Թենեսի նահանգում շարունակվում են գործընկերոջ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված 28-ամյա Ջեյքոբ Ալեն Մորլիի որոնումները, հաղորդում է Associated Press-ը։ Տղամարդը փախել է բանտից և փիքափ առևանգել մերձակայքում գտնվող ֆերմայից։ Իշխանությունների հաղորդմամբ՝ երեքշաբթի օրվա դրությամբ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Northwest Correctional Complex բանտային համալիրից Մորլիի անհետացումը հայտնաբերել են կիրակի ուշ երեկոյան։ Քննության տվյալներով՝ բանտային հագուստով կալանավորը մագլցել է ցանկապատի վրայով և հասել Թիփթոնվիլ քաղաքի մերձակայքում գտնվող ագարակ։ Տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է երկուշաբթի գիշերը՝ ժամը մեկի սահմաններում, Մորլին բացել սպիտակ Ford F-350 փիքափի վարորդի չկողպված դուռն ու հեռացել մեքենայով։ Ագարակը բանտից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա է։ Ագարակից մոտ 19 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հորնբիք քաղաքի հրշեջները հայտնել են, որ իրենց կայանի տեսախցիկներն արձանագրել են առևանգված մեքենայի անցնելը գողությունից մոտ 15 րոպե անց։ Իշխանությունները դեռ չեն բացահայտում փախուստի մանրամասները և չեն հստակեցնում՝ արդյոք որևէ մեկին կասկածում են կալանավորին օգնելու մեջ։ Իրավապահները զննել են բանտի շրջակայքի շենքերն ու այլ շինությունները։ Մորլիին ձերբակալելուն նպաստող տեղեկությունների համար հայտարարվել է մինչև 2500 դոլար պարգևավճար։ Մորլին ցմահ ազատազրկում էր կրում 2022 թվականին Քոդի Բիրչֆիլդի սպանության համար։ Զոհի մարմինը հայտնաբերել են դատապարտյալի տան տակ գտնվող արկղում՝ Բիրչֆիլդի անհետացումից մի քանի շաբաթ անց։ Առաջին աստիճանի սպանությունից բացի, Մորլին մեղավոր է ճանաչվել նաև ծանրացուցիչ հանգամանքներում բռնի ապօրինի ներխուժման, ապացույցների ոչնչացման, վանդալիզմի և ոստիկանությունից փախչելու փորձի համար։ Երբ ոստիկանները ժամանել են նրա տուն, նա փորձել է խուսափել հետապնդումից, որն ավարտվել է Հյուսիսային Կարոլինայում։ Northwest Correctional Complex բանտային համալիրը գտնվում է Մեմֆիսից մոտ 145 կիլոմետր հյուսիս և նախատեսված է 1776 տղամարդ կալանավորի համար։ Վերջին տարիներին այնտեղ բազմիցս հաղորդվել է կալանավորների միջև հարձակումների և աշխատակիցների կողմից բռնության դեպքերի մասին։ Հուլիսին երդվյալների մեծ ժյուրին մեղադրանքներ է առաջադրել մի քանի տասնյակ դրվագներով, դրանց թվում՝ կալանավորների հինգ սպանության և այլ բռնի հանցագործությունների առնչությամբ։