Սպիտակ տունը CNN հեռուստաալիքին դուրս է թողել այն լրագրողական խմբի կազմից, որը հինգշաբթի օրը պետք է ուղեկցեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Տեխաս և Օկլահոմա կատարելիք այցի ընթացքում, հայտնում է NBC-ն։ Սպիտակ տան կողմից կիրակի օրը հրապարակված ժամանակացույցում CNN-ը ներառված էր Թրամփին ուղեկցող լրատվամիջոցների ցանկում։ Սակայն ավելի ուշ տարածված աշխատանքային ծրագրում հեռուստաալիքն այլևս չկար։ CNN-ի ներկայացուցիչ Էմիլի Կունը հաստատել է լրագրողների խմբից հեռուստաալիքի դուրս մնալու փաստը, սակայն ձեռնպահ է մնացել հավելյալ մեկնաբանություններից։ Այս որոշումը կայացվել է դաշնային դատավորի այն որոշումից ընդամենը օրեր անց, որով կասեցվել էր Թրամփի վարչակազմի՝ CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը Սպիտակ տուն արգելափակելու փորձը։ Դատարանի այդ որոշումը վերաբերում է միայն Սպիտակ տան տարածք լրատվամիջոցների մուտքին։ Ավելի վաղ Սպիտակ տունը CNN-ին կրկին արգելել էր բարձրանալ նախագահական Air Force One ինքնաթիռ՝ Թրամփի՝ Թենեսի մեկնելու ընթացքում, թեև հեռուստաալիքը նախապես ընդգրկված էր եղել լրագրողների խմբում։