Մեծ Բրիտանիան Ֆինլանդիային և Միացյալ արշավախմբային ուժերի (JEF) մյուս երկրներին միջուկային պաշտպանություն է առաջարկել, հայտնում է Yle-ն։ Խոսքը զսպման լրացուցիչ մեխանիզմի մասին է, որը չի գործելու միայն ՆԱՏՕ-ի շրջանակում։ Այս «միջուկային հովանոցի» ապահովման գործում առանցքային դեր են խաղալու բրիտանական ատոմային սուզանավերը։ Առաջարկը հնչել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Գվին Ջենքինսի՝ Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում։ Նա հանդիպել է երկրի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հեյկի Աուտոյի հետ և հայտարարել, որ ապագայում բրիտանական միջուկային զենքը դառնալու է JEF-ի շրջանակում ստեղծվող մարտական ստորաբաժանումների զսպման համակարգի հիմքը։ JEF-ը Մեծ Բրիտանիայի գլխավորած ռազմական գործընկերությունն է, որին անդամակցում են Հյուսիսային Եվրոպայի երկրները (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա) և Բալթյան երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա), ինչպես նաև Նիդեռլանդները։ Նրանք ծրագրում են JEF-ի նոր մարտական ստորաբաժանումների ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին Օսլոյում կայանալիք հանդիպման ժամանակ։ Ջենքինսի խոսքով՝ այդ ուժերի գործադրումը չի պահանջի ՆԱՏՕ-ի կանոնադրության՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի ակտիվացում, որը կիրառվում է Դաշինքի անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում։ Աուտոն JEF-ը անվանել է Ֆինլանդիայի պաշտպանության երրորդ հենասյունը՝ ազգային պաշտպանությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը զուգահեռ։ Նա նշել է, որ նոր մարտական ուժերի ստեղծումը կապված է Ռուսաստանից բխող երկարաժամկետ վտանգի գնահատման հետ, որն էլ ընկած է դաշնակիցների ընդհանուր պաշտպանական ծրագրերի հիմքում։ Միևնույն ժամանակ, Ֆինլանդիան չի նախատեսում խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Աուտոյի խոսքով՝ այս հարցում երկրի գործող քաղաքականությունը չի փոխվի։ Ավելի վաղ՝ այս ամսին, Ֆինլանդիան միացել էր նաև միջուկային զսպման ֆրանսիական նախաձեռնությանը։ Համագործակցությունը ներառելու է միջուկային դոկտրինի շուրջ խորհրդատվություններ, զորավարժություններ և ֆրանսիական ռազմավարական ռազմաօդային ուժերի ներկայություն։ Մինչ այդ նմանատիպ որոշում էին կայացրել Նորվեգիան, Շվեդիան և Դանիան։ Այդ քայլին պատրաստվում են դիմել նաև Էստոնիան ու Լիտվան։ Առաջատար միջուկային զսպման նախաձեռնությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել էր մարտին՝ Ուկրաինայում ռուսական պատերազմի և անվտանգության ամերիկյան երաշխիքների շուրջ վեճերի ֆոնին։ Այն նախատեսում է միջուկային զենք կրելու ունակ Rafale կործանիչների ժամանակավոր տեղակայում, դաշնակիցների օդային տարածքի ու ռազմաբազաների օգտագործում, ինչպես նաև ինքնաթիռների՝ օդում վերալիցքավորում։
Միջազգային լուրեր
Մեծ Բրիտանիան միջուկային պաշտպանություն է առաջարկել Ֆինլանդիային և Բալթյան երկրներին

Սկզբնաղբյուր: KARTSIQ