Վերջին մեկ օրում Կրետեում և Էգեյան ծովի հարավային հատվածում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված, հաղորդում է dpa-ն։ Հորդառատ անձրևներն ու ամպրոպները կղզում հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների և վնասների, իշխանությունները գնահատում են վատ եղանակի հետևանքները։ Հունաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով, հորդառատ անձրևները պետք է շարունակվեն ևս մի քանի ժամ, որից հետո եղանակը կսկսի աստիճանաբար բարելավվել։ Կրետեում լրջորեն տուժել է գյուղատնտեսությունը․ ցանքատարածությունների մեծ հատվածներ ոչնչացվել են։ Շատ շրջաններում ճանապարհները հեղեղվել են, տները՝ վնասվել, ինչպես նաև հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Ռեթիմնո շրջանում, իշխանությունների տվյալներով, տեղացել է մինչև 500 մմ տեղումներ։ Վատ եղանակը հատկապես ուժգին է ազդել կղզու կենտրոնական և արևելյան շրջանների վրա։ Ավելի վաղ փրկարարները ողողված տներից և ավտոմեքենաներից տարհանել էին տասնյակ մարդկանց, իսկ որոշ ճանապարհներ ամբողջությամբ կամ մասամբ դարձել էին անանցանելի։ Կրետեի արևմուտքում ջրի վարարումից կտրված են մնացել նաև բնապահպանական ծառայությունների ութ աշխատակիցներ, որոնք գտնվելիս են եղել Սամարիայի կիրճում։ Նրանք իշխանություններին հայտնել են, որ անվտանգ վիճակում են և սննդի պաշարներ ունեն, ուստի տարհանումը որոշվել է հետաձգել մինչև անձրևների դադարեցումն ու ջրի մակարդակի նվազումը։ Ուժեղ վատ եղանակը ազդել է նաև Ռոդոս կղզու վրա։ Ուրբաթ օրը կայծակը հարվածել է Գերմանիայից եկած մի զբոսաշրջուհու, կինը մահացել է։ Նրա ամուսինը թեթև վնասվածքներ է ստացել։ Օդերևութաբանները Ռոդոսում և Կրետեում սպասում են եղանակի աստիճանական բարելավման, սակայն իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին՝ նոր ողողումների վտանգի պատճառով։