Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը, որոնք Թեհրանը նախատեսել է Իսլամաբադի հուշագրի շրջանակում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ կիրակի օրը խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս, հաղորդում է Mehr-ը։ «Քանի դեռ Իսլամաբադի հուշագրում արձանագրված մեր յոթ պայմանները չեն կատարվել, Հորմուզի նեղուցը չի բացվի», — ասել է Ղալիբաֆը։ Նա ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը «լիովին հստակ և վերջնական» է։ Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ կողմնորոշվել ամերիկացի քաղաքական գործիչների սոցիալական ցանցերում արված հայտարարություններով կամ նրանց ամենօրյա մեկնաբանություններով։ Ըստ նրա, Իրանը ելնելու է «հակառակորդի իրական գործողություններից», այլ ոչ թե նրա հրապարակային հռետորաբանությունից։ ԻԻՀ խորհրդարանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերջին շրջանում միջնորդների միջոցով առաջարկներ էր ներկայացնում Իրանին, սակայն այն շրջանը, երբ Վաշինգտոնը կարող էր ձգձգել բանակցությունները և պարտադրել միակողմանի պահանջներ, ըստ նրա, ավարտվել է։ Ղալիբաֆը ներկայիս իրավիճակը անվանել է «ընկալման պատերազմի» մաս, որտեղ ԱՄՆ-ն, ինչպես նա է պնդում, միաժամանակ ցուցադրում է բանակցությունների պատրաստակամություն, սպառնում է ռազմական գործողություններով և հանդես է գալիս միջնորդության օգտին։ Նա հայտարարել է, որ այս հակասական ազդակներն ուղղված են Իրանի ներսում անորոշություն առաջացնելուն և նրա ղեկավարության հաշվարկների վրա ազդելուն։ Միևնույն ժամանակ Ղալիբաֆը ընդգծել է, որ Իրանը պատրաստ է միաժամանակ վարել բանակցություններ և շարունակել ռազմական դիմակայությունը։ «Նա, ով հաղթում է բանակցությունների սեղանի շուրջ, նա է, ով պատրաստվել է պատերազմին», — հայտարարել է նա։ Խոսելով Իսրայելի շուրջ իրավիճակի մասին՝ Իրանի խորհրդարանի նախագահը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի իրադարձությունները տարածաշրջանի համար շրջադարձային պահ է անվանել։ Նրա կարծիքով, այդ իրադարձության հետևանքները հանգեցրել են իսրայելական զսպման համակարգի թուլացմանը և Իսրայելի նկատմամբ համաշխարհային հանրության վերաբերմունքի փոփոխությանը։ Ղալիբաֆը նաև հայտարարել է, որ Իսրայելը, չնայած ԱՄՆ աջակցությանը, չի կարողացել վերականգնել անվտանգության նախկին մակարդակը։