Լոս Անջելեսում All-In գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն զանգահարել է Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին։ Զրույցի տեսագրությունը սեպտեմբերի 14-ին YouTube-ում հրապարակել է KBS News հեռուստաալիքը։ Ելույթի ընթացքում օգնականը հեռախոսը փոխանցել է Հուանգին։ Nvidia-ի ղեկավարը Թրամփին հայտնել է, որ բեմում է՝ մի քանի հարյուր հանդիսատեսի առջև, ապա փորձել է միացնել բարձրախոսը։ Զրույցը լսարանին հեռարձակելու համար ի վերջո հեռախոսին միկրոֆոն են մոտեցրել։ «Գիտե՞ք՝ որն է կյանքում ամենահիանալի բանը։ Ջենսենը կարող է մշակել աշխարհում ամենաբարդ համակարգչային չիպը, որը ոչ ոք չի կարողանա պատճենել տասը տարվա ընթացքում, բայց չի կարողանում հասկանալ, թե ինչպես ինձ միացնի բարձրախոսին», — ասել է Թրամփը։ Այնուհետև Թրամփն անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) հնարավոր ռիսկերի շուրջ քննարկումներին։ Ոլորտում խիստ սահմանափակումների անհրաժեշտության մասին խոսակցությունները նա անվանել է «գրեթե դավադրություն», որը, նրա կարծիքով, կարող է առավելություն տալ Չինաստանին։ Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ ռոբոտներն ու արհեստական բանականությունը չեն գրավի աշխարհը։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է տեխնոլոգիայի զարգացման հարցում զգույշ մոտեցման անհրաժեշտությունը, սակայն դեմ է արտահայտվել լրացուցիչ սահմանափակումներ մշակելու նպատակով ոլորտի աշխատանքը տարիներով կասեցնելուն։