Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան կուժեղացնեն համակարգումը՝ Սև ծովում առևտրային նավագնացությունը պաշտպանելու համար՝ քաղաքացիական նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին, հայտնում է բուլղարական Vesti-ն։ Երեք երկրները դատապարտել են հարձակումները և պայմանավորվել տարածաշրջանային անվտանգության ոլորտում համակարգման եռակողմ մեխանիզմ ստեղծել։ Այս մասին հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտր Ստոյանովը՝ Սոֆիայում Ռումինիայի և Թուրքիայի իր գործընկերների, ինչպես նաև երեք երկրների գլխավոր շտաբների պետերի հետ հանդիպումից հետո։ «Ողբերգական միջադեպերը լարվածության վտանգավոր սրացում են և լուրջ ռիսկեր են ստեղծում նավագնացության անվտանգության համար», — հայտարարել է Ստոյանովը։ Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել առևտրային նավերին, ծովային ենթակառուցվածքներին և ծովային փոխադրումների անվտանգությանը սպառնացող հարձակումները։ Նախարարի խոսքով՝ Բուլղարիան, Ռումինիան և Թուրքիան՝ որպես սևծովյան պետություններ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, ընդհանուր պատասխանատվություն են կրում նավագնացության ազատության ապահովման և միջազգային իրավունքի պահպանման համար։ Կողմերը պայմանավորվել են բարելավել տեղեկատվության փոխանակումը, բարձրացնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը և կատարելագործել վաղ նախազգուշացման համակարգերը։ Նոր մեխանիզմը թույլ կտա պարբերաբար խորհրդակցություններ անցկացնել և համաձայնեցնել Սև ծովում անվտանգության ամրապնդման գործնական միջոցառումները։ Հաջորդ հանդիպումները կանցկացվեն Բուխարեստում՝ քաղաքական մակարդակով, և Անկարայում՝ ռազմական փորձագետների մասնակցությամբ։ Դրանք պետք է տեղի ունենան առաջիկայում։