Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն, ըստ էության, արդեն լրացուցիչ զորահավաք է սկսել՝ ռազմաճակատում սեփական բանակը համալրելու նպատակով։ Նրա խոսքով՝ հակառակորդը տարբեր եղանակներով մեծացնում է զինվորագրման ծավալներն ու մտադիր է ավելի ակտիվորեն ներգրավել օտարերկրացիների։ Զելենսկին խոստացել է տեղեկացնել այն երկրների իշխանություններին, որտեղից Ռուսաստանը մարդկանց է հավաքագրում պատերազմի համար, որպեսզի վերջիններս կանխեն դա։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության թարմ տվյալներով՝ Հյուսիսային Կորեան պատրաստվում է Ռուսաստան ուղարկել ևս 10 հազար զինծառայողի՝ ի լրումն արդեն իսկ այնտեղ գտնվող ավելի քան 8 հազարի։ Զելենսկու փոխանցմամբ՝ Կրեմլը սրա դիմաց «վճարում է» այդ թվում տեխնոլոգիաներով․ օրինակ՝ նման աջակցության դիմաց ԿԺԴՀ-ում ծավալվել է Shahed տեսակի հարվածային ԱԹՍ-ների արտադրություն։ Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և ԵՄ-ին, կոչ է արել սաստկացնել Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցային ճնշումը։ Նախօրեին Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտարարել էր, որ Կրեմլը «գաղտնի զորահավաք» է սկսել։ Ըստ նրա՝ մինչև տարեվերջ Ուկրաինայի դեմ պատերազմ կուղարկվի շուրջ 300 հազար նորակոչիկ։ «Մենք սպասում ենք, որ արդեն հաջորդ ամսվանից ռազմաճակատում հակառակորդի կենդանի ուժը զգալիորեն կավելանա», — ասել է Բրովդին։ Նրա գնահատմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կփորձի գործել հնարավորինս արագ, քանի որ մտադիր է մինչև գարուն գրավել Դոնբասը, ուստի նորակոչիկներին առաջնագիծ են ուղարկելու առանց պատշաճ պատրաստվածության։ Սեպտեմբերի կեսերին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) նշում էր, որ Ռուսաստանը կարող է հյուսիսկորեացի զինվորականներին տեղակայել Սումիի և Խարկովի մերձակայքում, որպեսզի ազատի սեփական ուժերն ու ուժեղացնի Դոնբասի վրա գործադրվող ճնշումը։ Աշնան սկզբին ՌԴ զորքերը ստիպված եղան թողնել Լիմանի մերձակայքի 240 կմ² տարածքը, որտեղից ծրագրում էին հարձակվել Դոնեցկի մարզի «քաղաք-ամրոցների» գոտու վրա։ Ուկրաինական ուժերի՝ 4 ամիս տևած հակահարձակման արդյունքում ռուսական բանակը ձախողեց Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիան հյուսիսից շրջապատելու գործողությունը։Արդյունքում, մարտի սկզբից ի վեր Ռուսաստանի ունեցած տարածքային ձեռքբերումներն իսպառ չեզոքացվել են։
Միջազգային լուրեր
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն «ըստ էության նոր զորահավք է սկսել» և պատրաստվում է ևս 10 հազար զինվոր ընդունել Հյուսիսային Կորեայից

Սկզբնաղբյուր: KARTSIQ