ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն, ամենայն հավանականությամբ, կապ ունի Սաուդյան Արաբիայի դեմ օդային հարձակման հետ, որի պատճառով խափանվել է «Արևելք—Արևմուտք» նավթամուղի աշխատանքը։ Սա Հորմուզի նեղուցը շրջանցող սաուդական նավթի արտահանման հիմնական ուղիներից է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Կարծում եմ՝ շատ հավանական է, որ հենց նրանք են կանգնած դրա հետևում», — Դուբլինում լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ պատասխանելով նավթամուղի վրա հարձակմանը Թեհրանի հնարավոր մասնակցության մասին հարցին։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի հետ, ում անվանել է իր «լավ բարեկամը»։ Թրամփի խոսքով՝ Իրանի հովանավորությունը վայելող եմենցի հութիները կապ են հաստատել իր վարչակազմի հետ՝ հասկացնելով, որ դեմ են հակամարտության մեջ Միացյալ Նահանգների ուղղակի միջամտությանը։ Նա հավելել է, որ հութիներն անարգել բաց են թողնում տարածաշրջանով անցնող նավերի մեծ մասը, սակայն «կա ընդամենը մեկ երկիր», որից դժգոհ են։ «Նրանք նախընտրում են, որ մենք չմիջամտենք, ու թույլ են տալիս նավերի մեծ մասին անցնել։ Կա միայն մեկ երկիր, որից նրանք այնքան էլ գոհ չեն, և մենք դրա հարցերը կլուծենք», — ընդգծել է Թրամփը։
Միջազգային լուրեր
Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա հարձակման հետևում հավանաբար Իրանն է կանգնած․ Թրամփ

Սկզբնաղբյուր: KARTSIQ