Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակակից միջազգային համակարգը լեգիտիմության և վստահության խոր ճգնաժամ է ապրում, իսկ միջազգային իրավունքը և միջազգային դատարանների որոշումները փաստացի կորցրել են իրենց գործունակությունը։ «Միջազգային իրավունքը գործնականում կասեցված է։ Միջազգային համաձայնագրերը, կարելի է ասել, կորցրել են ուժը։ Միջազգային դատարանների որոշումները նույնպես պատշաճ կերպով չեն կատարվում», — հայտարարել է Էրդողանը՝ ուրբաթ ելույթ ունենալով Արդարադատության հարցերով միջազգային գագաթնաժողովում։ Թուրք առաջնորդի խոսքով՝ կանոնների և սկզբունքների վրա հիմնված (ինչպես պնդվում է) միջազգային համակարգի գլխավոր խնդիրը համաշխարհային խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Սակայն այս նպատակին հասնելն անհնար է առանց արդարության։ Էրդողանը նշել է, որ ներկայիս համակարգը լրջորեն տուժել է ներկայացուցչականության, գործառնականության և լեգիտիմության տեսանկյունից, ինչպես նաև կորցրել է վստահությունն ու հեղինակությունը։ Նա ուշադրություն է հրավիրել ՄԱԿ կառուցվածքի վրա՝ նշելով, որ ավելի քան 190 պետությունների կամքը փաստացի կախված է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների որոշումներից, որոնք ունեն վետոյի իրավունք։ «Մենք բոլորս գիտակցում ենք, որ այն կառուցվածքը, որտեղ ՄԱԿ կազմում ընդգրկված ավելի քան 190 երկրների կամքը կախված է ընդամենը հինգ անդամների որոշումներից, որոնք օժտված են վետոյի արտոնությամբ, արդար և առողջ չէ», — ընդգծել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ գոյություն ունեցող միջազգային համակարգը չի համապատասխանում արդարության սկզբունքներին և չի կարող համարվել կայուն։ Էրդողանը բազմիցս հանդես է եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ «Աշխարհը հինգից մեծ է» կարգախոսով, նկատի ունենալով իշխանության չափազանց մեծ կենտրոնացումը Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ձեռքում։ Հոկտեմբերի սկզբին Bloomberg-ի համար հրապարակված հոդվածում թուրք առաջնորդն առաջարկել էր վերացնել վետոյի իրավունքը և հրաժարվել Անվտանգության խորհրդում մշտական անդամակցության համակարգից։ Դրա փոխարեն նա հանդես էր եկել խորհրդի անդամներին Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանափակ ժամկետով ընտրելու և վերընտրվելու հնարավորության օգտին։ Էրդողանի կարծիքով՝ պարզապես մշտական անդամների թվի ավելացումը չի լուծի իշխանության կենտրոնացման խնդիրը։
Միջազգային լուրեր
Էրդողան․ միջազգային իրավունքը և միջազգային դատարանների որոշումները կորցրել են ուժը

Սկզբնաղբյուր: KARTSIQ