Եվրոպայում դիզելային վառելիքի կտրուկ թանկացման հետևանքով վարորդներն այժմ յուրաքանչյուր լիցքավորման համար վճարում են 40%-ով ավելի, քան տարեսկզբին։ 50 լիտրանոց բակի համար նրանք ստիպված են լրացուցիչ վճարել ավելի քան 30 եվրո։ Մերձավորարևելյան հակամարտության էսկալացիայից ի վեր ամբողջ տարածաշրջանի մասշտաբով վարորդների ամենօրյա հավելյալ ծախսերը հասնում են 203 միլիոն եվրոյի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի տվյալներին։ Վերլուծաբանների փոխանցմամբ՝ դիզելային վառելիքին է բաժին ընկնում Եվրոպայի տնտեսությունում նավթամթերքի սպառման ավելի քան 40%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում (կրկնակի ավելի, քան ԱՄՆ-ում)։ Սա Եվրոպան առավել խոցելի է դարձնում գների աճի նկատմամբ։ Transport & Environment (T&E) հասարակական կազմակերպության առաջատար վերլուծաբան Ժյուլիետ Էգալի խոսքով՝ Եվրոպան «կախվածության մեջ է ծայրահանդ տատանողական ռեսուրսից, որը չի կարող վերահսկել»։ Ըստ պարբերականի՝ դիզելային վառելիքի գնային տատանումների նկատմամբ Եվրոպայի խոցելիությունը 1990-ականներին և 2000-ականներին վարվող քաղաքականության հետևանքն է, երբ խրախուսվում էր դրա կիրառումը, քանի որ բարձր արդյունավետության շնորհիվ դիզելային շարժիչներն ապահովում էին ածխաթթու գազի ավելի քիչ արտանետումներ և ավելի էժան էին, քան բենզինայինները։ Այս միտումից աստիճանաբար հրաժարվեցին, երբ օդի աղտոտվածության վրա դիզելի բացասական ազդեցությունն ավելի ակնհայտ դարձավ։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում ավտոտրանսպորտի 40%-ը դեռ աշխատում է այս վառելիքով։ Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, ԵՄ մի շարք երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում, դիզելի գները պատմական ռեկորդներ են սահմանել։ Այսպես, Գերմանիայում դիզելային վառելիքի մեկ լիտրի միջին գինը կազմել է 2,47 եվրո, Ֆրանսիայում՝ 2,39 եվրո, իսկ Շվեյցարիայում՝ 2,41 ֆրանկ (2,55 եվրո)։
Միջազգային լուրեր
Եվրոպայում վարորդները դիզելային վառելիքի համար 40%-ով ավելի շատ են վճարում, քան տարեսկզբին․

Սկզբնաղբյուր: KARTSIQ