Չիլիի հարավում գտնվող Վիլյա-Կոմույ բնակավայրում տարեցների խնամքի տանը բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 10 բնակիչ տարհանվել է։ Այս մասին հայտնում է La Tercera պարբերականը։ Հրդեհը բռնկվել է ուրբաթ ուշ երեկոյան Արաուկանիա մարզի Պիտրուֆկենի շրջանում՝ քաղաքից մոտ 32 կիլոմետր հեռավորության վրա։ Կրակը բռնկվել է տեղական ժամանակով շուրջ 22:30-ին։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական յոթ ջոկատ, ինչպես նաև Վիլյա-Կոմույի, Պիտրուֆկենի և հարևան բնակավայրերի հիվանդանոցներից ժամանած շտապօգնության բրիգադներ։ Չիլիի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման ազգային ծառայության (Senapred) տարածաշրջանային վարչությունը հաստատել է, որ կրակը պատել է Վիլյա-Կոմույի շրջանում՝ S-70 ճանապարհի 21-րդ կիլոմետրի վրա գտնվող տարեցների խնամքի տան շենքը։ Արաուկանիայի կարաբիներների վարչության պետ, գեներալ Միգել Հերերան հայտնել է, որ շենքից հաջողվել է տարհանել միայն 10 մարդու։ Նրա խոսքով՝ հրշեջները ներսում հայտնաբերել են 16 զոհի մարմին։ Դատախազության հանձնարարությամբ՝ հրդեհի հանգամանքները քննում են ոստիկանության քրեագիտական լաբորատորիայի (Labocar) մասնագետներն ու OS-9 ստորաբաժանման աշխատակիցները։ Հետաքննությունն իրականացվում է Արաուկանիայի մարզային դատախազության՝ կազմակերպված հանցավորության և սպանությունների քննության խմբի (ECOH) ղեկավարությամբ։ Շաբաթ լուսադեմին հրշեջները, կարաբիներներն ու տեղական վարչակազմի ներկայացուցիչները շարունակել են ապամոնտաժել փլատակներն ու անվտանգություն ապահովել դեպքի վայրում։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Տուժածների և տարհանվածների համար իշխանությունները ժամանակավոր ապաստարան են տրամադրել La Frontera դպրոցի շենքում։ Քննությունը պետք է պարզի կրակի բռնկման և տարածման հանգամանքները։
Միջազգային լուրեր
Չիլիի ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել

Սկզբնաղբյուր: KARTSIQ