Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի հետ հանդիպմանն իրականությանը չհամապատասխանող է անվանել պնդումները, թե երկրում ծայրահեղականության հոդվածներով ավելի շատ մարդկանց են ձերբակալում, քան ազատ արձակում։ «Մեր այս հանդիպումից առաջ շատ է խոսվում, ինչպես դուք եք անվանում, քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին։ Արևմուտքում գտնվող մեր փախստականներն անդադար այս թեմայից են խոսում, ու, զգում եմ՝ իմ տեղեկություններով, ձեզ էլ են համոզել, թե մենք ինչ-որ մարդկանց ազատ ենք արձակում, բայց, շարունակելով ճնշումները, դրանից կրկնակի շատ մարդկանց ենք ձերբակալում։ Ուզում եմ ձեզ հրապարակավ ասել, որ դա բացարձակ սուտ է», — հայտարարել է Լուկաշենկոն։ Լուկաշենկոն վերահաստատել է իր այն թեզը, թե «Բելառուսում քաղբանտարկյալներ չկան, որովհետև մեր օրենսդրությունում նման հոդված չկա»։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե քաղբանտարկյալների, այլ օրենքի խախտմամբ քննության տակ գտնվող կամ ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատիժ կրող անձանց մասին է։
Միջազգային լուրեր
Լուկաշենկոն հերքել է Բելառուսում բռնաճնշումների շարունակման մասին պնդումները

Սկզբնաղբյուր: KARTSIQ