Կատարցի միջնորդներն Իրանին են փոխանցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի դադարեցման նոր նախագիծը: Այն ենթադրում է լարվածության թուլացմանն ուղղված փոխադարձ քայլերի յոթնօրյա ծրագիր։ Սակայն, ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ Դոհան առաջ է քաշել միայն անընդունելի գաղափարներ, որոնք չեն կարող լիարժեք առաջարկ համարվել։ Գործակալության զրուցակիցներից մեկի (որն Իրանի ներկայացուցիչ չէ) խոսքով՝ փաստաթուղթը Թեհրանին է փոխանցվել կիրակի և այժմ ուսումնասիրվում է իրանական կողմից։ Պատասխանն ակնկալվում է մինչև շաբաթավերջ։ Ծրագրով նախատեսվում են վստահության ամրապնդմանն ուղղված հաջորդական միջոցառումներ, որոնք կողմերը պետք է իրականացնեն ամեն օր։ Իրագործման համար տրամադրվում է յոթ օր, ընդ որում՝ մի շարք պետություններ կարող են հանդես գալ որպես համաձայնագրի երաշխավոր։ Գործընթացը կարող է մեկնարկել արդեն եկող շաբաթվա սկզբին։ Սակայն Reuters-ի մեկ այլ աղբյուր, որն Իրանի անունից անմիջականորեն մասնակցում է բանակցություններին, ընդգծել է, որ Կատարը ներկայացրել է ոչ թե առաջարկ, այլ 'անընդունելի գաղափարներ'։ Նրա խոսքով՝ միջուկային հարցի շուրջ Թեհրանի դիրքորոշումն անփոփոխ է, և երկիրը չի պատրաստվում ճկունություն ցուցաբերել այդ խնդրում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտորեն աշխատել միջնորդների հետ՝ գնահատելով պատերազմի դադարեցման սեփական յոթնօրյա ծրագրի իրագործման տարբերակները։ Ըստ նրա՝ Իրանը դեռևս հնարավորություն է տալիս դիվանագիտությանը, իսկ իրենց առաջարկած մոդելը հնարավոր է կյանքի կոչել մեկ շաբաթից էլ կարճ ժամանակում։ Վաշինգտոնը պնդում է, որպեսզի իրանական միջուկային ծրագիրը հենց սկզբից ներառվի բանակցությունների օրակարգում։ Թեհրանն իր հերթին նախևառաջ պահանջում է դադարեցնել իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումն ու վերացնել նավթի արտահանման սահմանափակումները։ Ընդ որում, Իրանը կտրականապես հերքում է Արևմուտքի պնդումներն այն մասին, թե իր միջուկային ծրագիրը ռազմական բնույթ ունի։ Փետրվարի 28-ին բռնկված հակամարտության ընդլայնման ֆոնին միջնորդական ջանքերը գլխավորում են Կատարն ու Պակիստանը։ Կարգավորման նախորդ փորձի շնորհիվ հունիսին հնարավոր եղավ ժամանակավոր համաձայնագիր կնքել, որը, սակայն, շուտով տապալվեց։ Բանակցություններին լրացուցիչ վտանգ են սպառնում Իրանի աջակցությունը վայելող եմենյան հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։ Սաուդյան նավթավերամշակման խոշորագույն՝ 'Ռաս Տանուրա' գործարանին հասցված հարվածից հետո նավթի գները չորեքշաբթի աճել են ավելի քան 1%-ով՝ հատելով մեկ բարելի դիմաց 115 դոլարի շեմը։ Ռազմական գործողությունների ակտիվացումը մեծացնում է նաև նավարկության ռիսկերը Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցներում, որոնք էներգակիրների համաշխարհային առևտրի առանցքային երթուղիներն են։ Ըստ Reuters-ի՝ Թեհրանում կայացած կիրակնօրյա հանդիպումից առաջ միջնորդները մտավախություն ունեին, որ Իսրայելը կարող է վերսկսել Իրանին հասցվող հարվածները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հանդես է եկել նոր սպառնալիքներով, իսկ Իրանում զգուշացրել են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ծրագրում են հարվածել Պարսից ծոցի ստորջրյա մալուխներին։