Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվել են ավանդական հրաժեշտի հանդիպում ունենալ ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի հետ, քանի որ վերջինիս պաշտոնանկությունն ուղեկցվել էր մի շարք սկանդալային հրապարակումներով, հաղորդում է Independent-ը։ Ամերիկյան դեսպանատան աշխատակիցները նրա հանկարծակի հեռանալն աննախադեպ են որակել։ Գիլֆոյլը պաշտոնը լքել է երեքշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սպիտակ տունը նրանից հրաժարական են պահանջել՝ պահվածքի վերաբերյալ տեղեկությունների պատճառով։ Քննադատության առիթներից մեկն այն հրապարակումներն էին, ըստ որոնց՝ Գիլֆոյլն իբր դոնորներից մեկին խնդրել էր 100 հազար դոլար տրամադրել American Express-ի վարկային քարտի պարտքը մարելու համար։ Փոխարենը, համաձայն այդ լուրերի, նա խոստացել էր օգնել նրան անձնական իրավական և հարկային հարցերում։ Այս պատմությունը հետագայում հանգեցրել էր զրպարտության վերաբերյալ դատական հայցի։ Լրացուցիչ աղմուկ էր բարձրացրել The Wall Street Journal-ի հրապարակումը, որտեղ ներկայացվել էր Գիլֆոյլի հուզական խոսքի ձայնագրությունը. դրանում նա վրդովվում է, որ իրեն չեն հրավիրել Թրամփի ընտանիքի հետ ընթրիքին։ Պաշտոնից հեռանալուց հետո Գիլֆոյլը շնորհակալություն է հայտնել Թրամփին Հունաստանում ԱՄՆ-ն ներկայացնելու հնարավորության համար և ընդգծել, որ մտադիր է պայքարել իր հասցեին հնչած կեղծ մեղադրանքների դեմ։