Մազովեցկի վոյեվոդության դպրոցներում տեղի ունեցած հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել շուրջ 50 հազար ուսումնական հաստատություններում, հայտնում է Polsat News-ը։ Շաբաթ առավոտյան ստացված տվյալներով՝ իրավապահները գրանցել են ապօրինի արարքների հիմնավոր կասկածներով 231 պատահար և ձերբակալել 76 մարդու։ Ավելի ուշ ոստիկանության հաղորդագրության վերնագրում նշվել է 79 ձերբակալվածի մասին։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի ոստիկանությունը՝ ամփոփելով ամբողջ երկրի տարածքում աշակերտների, ուսուցիչների և կրթական հաստատությունների մյուս աշխատակիցների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների միջանկյալ արդյունքները։ «Ոստիկանները ոչ միայն զբաղվում են այս պատահարների քննությամբ, այլև շարունակում են շուրջօրյա վերահսկողություն իրականացնել համացանցում և արձագանքել յուրաքանչյուր ահազանգի», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։ Լայնամասշտաբ միջոցառումները մեկնարկել են Մազովեցկի վոյեվոդության դպրոցներում տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո, այդ թվում՝ Օստրոլենկայում և Լեշչիդոլ-Նովինիում գրանցված հարձակումների, ինչպես նաև Սերպցում կանխված հավանական հարձակման պատճառով։ Հինգշաբթի օրը Լեշչիդոլ-Նովինիի հիմնական դպրոցում 15-ամյա դեռահասը հարձակվել էր երեք հոգու վրա։ Տուժածներից մեկը՝ ուսումնական հաստատության 37-ամյա աշխատակցուհին, մահացել է։ Մեկ օր առաջ Օստրոլենկայի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում 19-ամյա երիտասարդը դանակով հարձակվել էր ինը հոգու վրա, որոնց թվում էին հինգ աշակերտ և երկու ուսուցիչ։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա իր մոտ ունեցել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարքով պայուսակ։ Բացի այդ, ոստիկանությունը կանխել է Սերպցի դպրոցներից մեկի վրա հնարավոր հարձակումը։ «Վատ արարք գործելու» սպառնալիքներ հնչեցրած 17-ամյա դեռահասը կալանավորվել է երկու ամսով։ Ուրբաթ օրը ոստիկանությունը՝ համայնքային պահպանության աջակցությամբ, ուժեղացրել է Մազովեցկի վոյեվոդության դպրոցների ու մանկապարտեզների հսկողությունը։ Համապետական այս միջոցառումներն ուղղված են նոր միջադեպերի կանխմանն ու սպառնալիքներին արագ արձագանքմանը։