ԱՄՆ կառավարությունը հատուկ աշխատանքային խումբ է ձևավորել արհեստական բանականության (ԱԲ) կարգավորման մոտեցումներ մշակելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «ԱՄՆ կառավարությունը գործընթաց է նախաձեռնել․․․ այդ աշխատանքային խումբը գլխավորում է Ջեյ Քլեյթոնը (Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենը)։ Այն կորոշի, թե ինչպես են Միացյալ Նահանգները փոխգործակցելու գերբանականության հնարավոր բացասական հետևանքները կարգավորելու, ինչպես նաև դրա առավելություններից օգուտ քաղելու հնարավորության հետ», — Աթենքում Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուբիոն։ Պետքարտուղարը նաև հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացրել ոլորտի առաջնորդների հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր՝ սահմանելով տեխնոլոգիայի հետ աշխատանքի հարցում ամերիկյան իշխանությունների մոտեցման հիմնական ուրվագծերը։ Նեյրոցանցերի նկատմամբ վերահսկողության հարցն ԱՄՆ-ում սրվել է պետական մարմինների աշխատանքում դրանց ակտիվ ներդրման ֆոնին։ Օգոստոսի կեսերին «Politico» թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանները բախվել են ԱԲ-ի կողմից գեներացված սխալ օրինագծերի հոսքին։ Ծրագրերը սխալ հղումներ էին անում նախկին իրավական նորմերին և կոպիտ սխալներ թույլ տալիս փաստաթղթերի կարևոր մանրամասների հետ աշխատելիս։