Միլանում ջարդերից և թալանից հետո լյուքս բրենդների խանութները շարունակում են փակվել։ Բուտիկների սեփականատերերը վախենում են նոր անկարգություններից, իսկ ռեստորաններն ու հյուրանոցներն արդեն հայտնում են ամրագրումների չեղարկումների մասին։ Քաղաքի նորաձևության թաղամասում անվտանգության միջոցները խստացվել են։ Խանութներն իջեցրել են շերտավարագույրները, իսկ առևտրականները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը շաբաթավերջի ավերածություններից հետո, հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Տագնապը կրկին առաջացրել են սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունները՝ 15:00-ին Միլանի տաճարի մոտ հավաքվելու կոչերով, որպեսզի կրկնվեն վերջին օրերի անկարգությունները։ Արդյունքում շատ խանութներ հեռացրել են ապրանքները ցուցափեղկերից և փակվել։ Վիկտոր Էմանուել II-ի պատկերասրահում Prada, Vuitton և Dior բուտիկները դադարեցրել են աշխատանքը։ Մոնտենապոլեոնե փողոցում փակվել են Chanel, Hermès և Pomellato խանութները։ Մոնտի փողոցում Goyard բուտիկը հայտարարություն է տեղադրել՝ տեղեկացնելով, որ «ցույցերի պատճառով» չի աշխատի։ Բաց մնացած խանութներում տիրում է լարված մթնոլորտ․ սեփականատերերը քննարկում են հետագա քայլերը և սպասում իրադարձությունների զարգացմանը։ Վնասը հասել է մեկ միլիոն եվրոյի Confcommercio-ի միլանյան բաժանմունքի գլխավոր քարտուղար Մարկո Բարբիերիի գնահատմամբ՝ ջարդերից և թալանից պատճառված նյութական վնասը շարունակում է աճել։ «Եթե երեկ առավոտ խոսքը կես միլիոն եվրոյի մասին էր, ապա հիմա գումարը կազմում է մոտ մեկ միլիոն»,- հայտնել է նա։ Սակայն, ըստ Բարբիերիի, խնդիրը չի սահմանափակվում միայն ուղղակի վնասով։ Ձեռնարկությունները կորցնում են եկամուտը հարկադիր փակման պատճառով, իսկ ռեստորաններն ու հյուրանոցներն արդեն բախվում են ամրագրումների չեղարկումների, հատկապես օտարերկրյա հյուրերի կողմից։ «Մարդիկ վախենում են»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ ընդհանուր կորուստների մեջ պետք է ներառել նաև Միլանի հեղինակությանը հասցված վնասը։