Գերմանիայում իշխող կոալիցիայի ղեկին Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անցնելուց տարուկես էլ չանցած՝ կուսակցությունն առաջին անգամ երկրամասային ընտրություններում զիջեց ծայրահեղ աջերին։ Առաջիկա կիրակի քվեարկություն է սպասվում ևս մեկ երկրամասում՝ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, որտեղ ՔԴՄ-ն իր պատմության մեջ առաջին անգամ կանգնել է 5 տոկոսի շեմը չհաղթահարելու ռիսկի առաջ։ Նույն օրը կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպում կանցկացնի ՔԴՄ ղեկավարության հետ, որտեղ կարող է որոշում կայացվել նրա հրաժարականի մասին։ Ընտրողների վստահության արագընթաց կորուստը կանգնեցնելու համար կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները մասնավոր զրույցներում արդեն քննարկում են կանցլերին փոխելու անհրաժեշտությունը, գրում է Politico-ն։ Ինքնին Մերցի վարկանիշն այս շաբաթ իջել է մինչև 14%, իսկ ՔԴՄ-ի և նրա դաշնակից ՔՍՄ-ի դաշինքինը՝ աննախադեպ 18%-ի։ Մինչդեռ ծայրահեղ աջ «Ալտերնատիվ Գերմանիայի համար» կուսակցությանն աջակցում է ընտրողների 29%-ը․ երկու շաբաթ առաջ Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում այն ստացել էր գրեթե 44%, մինչդեռ ՔԴՄ-ի ցուցանիշը կրճատվել էր ավելի քան երկու անգամ։ Մերցը ՔԴՄ գործադիր կոմիտեի նիստը նշանակել է կիրակի երեկոյան, երբ սկսեն ստացվել էգզիթ փոլերի տվյալներն ու ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է ZDF-ը։ Նա մտադիր է նախաձեռնել «անուղղակի վստահության քվե»՝ կուսակցության ղեկավարության առջև դնելով հետևյալ հարցը՝ պատրա՞ստ են արդյոք աջակցել իրեն և տնտեսական բարեփոխումների իր ծրագրին։ Եթե ոչ, Մերցը կխնդրի առաջադրել փոխարինող թեկնածուի, գրում են ZDF-ն ու Politico-ն։ Նույնիսկ եթե կուսակցությունը չաջակցի Մերցին, նա կարող է պահպանել պաշտոնը շաբաթներ, կամ նույնիսկ ամիսներ (քանի դեռ համաձայնեցվում է նոր թեկնածուն)։ Նա, մասնավորապես, ստիպված են լինելու քննարկել իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ։ Բացի այդ, Մերցը ՔԴՄ-ում ազդեցիկ հակառակորդներ չունի, և մեծ հաշվով հենց դրա վրա է հույս դնում՝ բարձրացնելով աջակցության հարցը։
Միջազգային լուրեր
Մերցը մինչև շաբաթվա վերջ կարող է զրկվել Գերմանիայի կանցլերի պաշտոնից

Սկզբնաղբյուր: KARTSIQ