Նիդեռլանդները նախատեսում են 2027-2029 թվականների ընթացքում Ուկրաինային հատկացնել 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն, ներառյալ՝ հրատապ կարիքների համար նախատեսված 435 միլիոն եվրոյի պահուստային ֆոնդը։ Այս մասին նշվում է միջոցների բաշխման վերաբերյալ նախարարների կաբինետի՝ խորհրդարանին ուղղված նամակին կից փաստաթղթերում։ Ընդ որում, նշվում է, որ Հաագան մտադիր է ոչ ռազմական օգնության փաթեթի շրջանակներում 165,5 միլիոն եվրո հատկացնել սեփական բիզնեսին աջակցող ծրագրերին։ «Նիդեռլանդները ձգտում են ամրապնդել նիդեռլանդական ընկերությունների դիրքերը՝ Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու նպատակով»,- խորհրդարանին ուղղված նամակում հայտնում են Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենն ու արտաքին առևտրի նախարար Սյորդ Սյորդսման։ Որպես ակնկալվող արդյունք՝ փաստաթղթում ուղղակիորեն նշվում է կայուն եկամուտներ ստանալու բուն Նիդեռլանդների կարողության ամրապնդումը։ Որպես գերակա ուղղություններ առանձնացվել են էներգետիկան, ջրային տնտեսությունը, նավահանգիստների զարգացումը, ագրոարդյունաբերական համալիրը և առողջապահությունը։ Ծրագրին մասնակցող մի շարք մեխանիզմների միջոցով ֆինանսավորման հասանելիություն ստանալու համար ուկրաինական ընկերություններից ու պետական հաստատություններից կպահանջվի պարտադիր ներգրավել նիդեռլանդական բիզնեսին. պատվերի հոլանդական բաղադրիչը պետք է կազմի առնվազն 35%։ Ընդ որում, ինչպես առանձին ընդգծվում է փաստաթղթում, Նիդեռլանդներից ընկերությունների ներկայությունն Ուկրաինայի տարածքում պարտադիր չէ։ Կառավարության ներկայացրած բյուջետային աղյուսակի համաձայն՝ բիզնեսի աջակցության համար նախատեսված միջոցներից 136 միլիոն եվրոն նախատեսվում է ուղղել «Ukraine Partnership Facility» (նիդեռլանդական ընկերությունների մասնակցությամբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի աջակցություն) և «Dutch Good Growth Fund» (ներդրումների և արտահանման գործարքների վարկավորում) ծրագրերի միջոցով, 19,5 միլիոն եվրոն՝ արտահանման վարկերի ապահովագրմանը, իսկ ևս 10 միլիոն եվրոն՝ «Industrial Ramstein» նախաձեռնությանը (արդյունաբերության վերականգնմանն աջակցություն)։ Հունվարի 30-ին Նիդեռլանդների նոր իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված քաղաքական ուժերի՝ ձախ լիբերալ «Դեմոկրատներ-66»-ի, Քրիստոնյա դեմոկրատների և Հանուն ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցության առաջնորդները ներկայացրել են կոալիցիոն համաձայնագրի տեքստը։ Դրանում նշվում է, որ կառավարությունը նախատեսում է հաջորդ երեք տարիների ընթացքում տարեկան 3-ական միլիարդ եվրո ուղարկել Ուկրաինային աջակցելու նպատակով, ինչպես նաև ձգտում է ռազմական ծախսերը հասցնել ՆԱՏՕ-ի սահմանած նշաձողին՝ ՀՆԱ-ի 3,5%-ին։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է կրճատել սոցիալական նպաստների տրամադրման, առողջապահության և տարեցների խնամքի աջակցության ծախսերը։
Միջազգային լուրեր
Նիդեռլանդները 2027-2029 թվականներին 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական աջակցություն կտրամադրեն Ուկրաինային

Սկզբնաղբյուր: KARTSIQ