Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերի 27-ին կայցելի Մոսկվա, որտեղ կմասնակցի Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) պետությունների և կառավարությունների ղեկավարների ութերորդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է Tasnim-ը։ Իրանցի դիվանագետի խոսքով՝ ներկայում ընթանում են այցի նախապատրաստական աշխատանքները, և հստակեցվում են դրա մանրամասները։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն համաշխարհային գազի շուկայում տիրող իրավիճակը, արտահանող երկրների միջև համագործակցության հեռանկարներն ու բնական գազի դերը համաշխարհային տնտեսության մեջ։ Ակնկալվում է նաև, որ հանդիպումը կծառայի որպես հարթակ փորձի փոխանակման, տեխնոլոգիական գործակցության զարգացման և գլոբալ էներգետիկ անվտանգության ոլորտում համատեղ նախաձեռնությունների մշակման համար։ Ռուսաստանը հանդես է գալիս գազ արտահանող երկրների գործողությունների համակարգման օգտին՝ միջազգային շուկաներում նրանց շահերը պաշտպանելու, միակողմանի տնտեսական սահմանափակումներին հակազդելու, ինչպես նաև բնական գազի՝ որպես մատչելի ու հուսալի էներգիայի աղբյուրի դիրքերն ամրապնդելու նպատակով։ Գազ արտահանող երկրների ֆորումը միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Իրանը, Ռուսաստանը, Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Հասարակածային Գվինեան, Լիբիան, Նիգերիան, Կատարը, Տրինիդադ և Տոբագոն, ԱՄԷ-ն ու Վենեսուելան։ Կազմակերպության հիմնադիր համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009 թվականի սեպտեմբերի 30-ին։ Անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ (սկսած 2011 թվականից)։