Պարսից ծոցի տարածաշրջանային անվտանգության համակարգը կայունություն ապահովելու նպատակով պետք է ներառի նաև Իրանը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։ «Գրեթե կես դար Իրանը դուրս է մղվել տարածաշրջանային անվտանգության կառույցներում որևէ նշանակալի մասնակցությունից, ինչը չափազանց բացասական հետևանքներ է ունեցել ոչ միայն հենց Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Պարսից ծոցի անվտանգության ցանկացած ճարտարապետություն, որը չի ներառում [Իրանը], ի սկզբանե անկայուն է։ Այն կառուցվածքային առումով կենսունակ չէ», — ասել է նա։ Նախարարի խոսքերը մեջբերված են Օմանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Ալ-Բուսաիդին նաև մատնանշել է մերձավորարևելյան պետությունների չափազանց մեծ կախվածությունն արտաքին ուժերից, ինչը բարդացնում է Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հետ կապված հարցերի կարգավորումը։ Նրա խոսքով՝ նման կախվածությունն ուղեկցվում է երրորդ երկրների շահերի առաջմղմամբ, որոնք ոչ միշտ են համընկնում տարածաշրջանային շահերի հետ։
Միջազգային լուրեր
Օմանը հայտարարել է, որ Իրանին չի կարելի բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Սկզբնաղբյուր: KARTSIQ