Եվրոպական հանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 23-րդ փաթեթի մշակման աշխատանքները, գրում է «Politico»-ն։ Ենթադրվում է, որ այն ուղղված է լինելու նավթի վաճառքից ռուսական եկամուտների հետագա կրճատմանը։ Նավթագազային ոլորտում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու կոչով հոկտեմբերի 15-ին ծրագրում են հանդես գալ նաև ԵՄ անդամ երկրների գագաթնաժողովի մասնակիցները։ Քննարկումների ընթացքին ծանոթ ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի նախագիծը նախատեսվում է ԵՄ անդամ երկրներին ներկայացնել մինչև 2026 թվականի վերջը։ Պարբերականը նշում է, որ ռուսական նավթին առնչվող պատժամիջոցների նոր փաթեթ մշակելու մասին ԵՄ-ում որոշել են Դիզելի հարցով Թրամփի և Պուտինի գործարքի ֆոնին։ Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ամերիկյան և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ։ Թրամփի այս քայլը քննադատել են եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել, այլ ոչ թե թուլացնել ճնշումը։ Հոկտեմբերի 12-ին ԵՄ-ն հաստատել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը ներառում է պատժամիջոցային ցուցակի ամենամեծ միանվագ ընդլայնումը․ դրանում ավելացվել է մոտ 1,6 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ պատժամիջոցային ցուցակն ընդլայնվել է, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրության մեջ ներգրավված անձանց հաշվին։
Միջազգային լուրեր
Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Սկզբնաղբյուր: KARTSIQ