Յոհանեսբուրգի արվարձան Էկուրհուլենիում, որտեղ վերջին մոտ երկու ամսում բռնության հետքերով ութ կնոջ դի էր հայտնաբերվել, ոստիկանությունը սպանված ևս մեկ կնոջ է գտել։ Այս մասին SABC ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնել է Գաուտենգ նահանգի ոստիկանության կոմիսարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ֆրեդ Կեկանան։ «Սպանվածին ոստիկանները հայտնաբերել են Դոն Փարկ շրջանում: Ճանապարհամերձ հատվածում գտել ենք մոտ 30 տարեկան, մուգ մաշկով կնոջ կիսամերկ, սավանով փաթաթված մարմինը»,- ասել է նա։ Կեկանայի փոխանցմամբ՝ Էկուրհուլենի շրջանում միևնույն քրեական գործով անցնող սպանված երիտասարդ կանանց թիվն արդեն հասել է իննի։ Ռադիոկայանը չի բացառում, որ արվարձանում մոլագար է գործում։ Ըստ աղբյուրի՝ հանցագործը զոհերի հետ կապ հաստատելու համար կարող էր օգտագործած լինել ծանոթությունների կայքերը։ Սպանված բոլոր ինն կանայք էլ հայտնաբերվել են մասամբ կամ ամբողջությամբ մերկ վիճակում։ Ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի հաստատում, բայց և չի բացառում դեպքերի միջև ուղղակի կապը։ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան ընթացիկ շաբաթվա ընթացքում հանդիպել է ազգային ոստիկանության ղեկավարության հետ և պահանջել հնարավորինս արագ բացահայտել սպանությունները։ Ձևավորվել է հատուկ քննչական խումբ։ Իշխանությունները 400 հազար ռանդ (շուրջ 24,5 հազար դոլար) պարգևատրում են սահմանել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել մեղավորներին։ Նախօրեին ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, ում մասնակցությունը կանանցից մեկի սպանությանը ներկայում ստուգվում է։ Առաջին դին Էկուրհուլենիում հայտնաբերվել էր հուլիսի 15-ին։ Բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել այս շրջանում, որն այժմ ոստիկանության հատուկ վերահսկողության տակ է։