Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն աշխարհի տարբեր ծայրերում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցներին կոչ է արել թույլ չտալ իշխանություններին շահարկել իրենց ելույթները և հանրության ուշադրությունը շեղել պատերազմների ու կոռուպցիայի համար պատասխանատվությունից։ Այս մասին հայտնում է Mehr-ը։ «Թույլ մի՛ տվեք պատերազմ հրահրողներին խեղաթյուրել ձեր բողոքի ակցիաները և կեղծ երկընտրանքներ ստեղծել», — ուրբաթ ուշ երեկոյան սոցցանցերում գրել է Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ իշխանությունները նախ փորձում են փոխել բողոքի ուղղվածությունը, ապա սկսում են ամոթանք տալ մասնակիցներին՝ գործող կարգերի դեմ ըմբոստանալու համար։ «Հասարակության զարթոնքից հետո նրանք ցանկանում են բողոքի սլաքն իշխանություններից շեղել դեպի հենց հասարակության ներսը, ապա ձեզ ամոթանք տալ ընդդիմանալու համար», — նշել է խորհրդարանի ղեկավարը։ Ղալիբաֆը ցուցարարներին հորդորել է չշեղվել առանցքային թեմաներից և նույն համատեքստում է դիտարկել Ջեֆրի Էփշտեյնի գործը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Իրանի դեմ մղվող պատերազմն ու կոռուպցիան։ Նա նաև զգուշացրել է բանավեճը տեղաբնիկների և ոչ տեղաբնիկների միջև առճակատման դաշտ տեղափոխելու փորձերի մասին՝ դա որակելով որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց։
Միջազգային լուրեր
«Թույլ մի տվեք, որ պատերազմ հրահրողները խեղաթյուրեն ձեր բողոքները». Իրանի խորհրդարանի խոսնակը դիմել է աշխարհին

Սկզբնաղբյուր: KARTSIQ