Շինարարների փողոցի կրպակները քանդվում են ոչ թե այն բանի համար, որ տարածքին տիրանա մեկ այլ անձ, այլ որպեսզի այն վերադարձվի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներին։ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նրա խոսքով՝ կրպակների շատ սեփականատերեր հանգիստ դուրս են բերել իրենց գույքը։ Պաշտոնյան հավելեց, որ նրանց ժամանակ էր տրվել։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ այն տարածքը, որտեղ գտնվում են նշված կրպակները, պատկանում է համայնքին։ «Այնտեղ կանաչ գոտի է լինելու, որը ծառայելու է համայնքին։ Եթե կան ուժեր, որոնք դեմ են դրան, թող քննարկումներ կազմակերպեն»,— պարզաբանեց Փամբուխչյանը։