Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելը զգալի կապիտալ ներդրումներ կպահանջի, որոնք «Ռոսատոմի» գնահատմամբ կարող են հարյուրավոր միլիոն դոլար արժենալ։ Այս մասին հայ լրագրողների հետ զրույցում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա խոսքով՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2046 թվականը երկարաձգելու տեխնիկական հնարավորություն կա, սակայն դրա համար մասշտաբային արդիականացում է անհրաժեշտ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է անվտանգության և ավտոմատիկայի համակարգերին, ռեակտորի իրանի հետ տարվող լրացուցիչ աշխատանքներին, սարքավորումների անհրաժեշտ բնութագրերի ապահովմանը, ինչպես նաև աշխատած միջուկային վառելիքի պահպանման հզորությունների ընդլայնմանն ու նորոգմանը։ «Բավականին լուրջ ներդրումներ են պետք և մենք դրանք գնահատում ենք հարյուրավոր միլիոն դոլարի մակարդակում», — նշել է Լիխաչովը։ Նրա փոխանցմամբ՝ համապատասխան ավազաններն ու պահպանման հզորությունները նախատեսված են շահագործման ավելի կարճ ժամկետի համար, այդ իսկ պատճառով կայանի աշխատանքը մինչև 2046 թվականը երկարաձգելու դեպքում ստիպված կլինեն լրացուցիչ կապիտալ ծախսեր անել։ Լիխաչովը նաև հավելել է, որ այդ ծախսերն ազդելու են էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ աշխատանքների ծավալից ելնելով՝ 2036–2046 թվականների հատվածում էլեկտրաէներգիայի արժեքը կարող է էապես աճել՝ ընդհուպ մինչև երկու անգամ։ Ահա թե ինչու, «Ռոսատոմի» ղեկավարի խոսքով, Հայաստանը պետք է համադրի գործող կայանի շահագործման հետագա երկարաձգման տնտեսական նպատակահարմարությունը նոր էներգաբլոկի կառուցմանն անցնելու հնարավորության հետ։ «Սահմանափակել կայանի աշխատանքը 2036 թվականով, սակայն հնարավորինս շուտ որոշում կայացնել նոր բլոկի կառուցմանն անցնելու մասին», — հնարավոր տարբերակներից մեկն է մատնանշել Լիխաչովը