2023–ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստում պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում ներկայումս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան, ՔԿ–ից հայտնել են հետևյալը. «2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում Քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և այլ վարութային գործողություններ, այդ թվում՝ պայթյունի հետևանքով բոլոր մահացածների հարազատները ճանաչվել են տուժող, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական, համալիր դատահրդեհատեխնիկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ, որոնցից դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Քրեական վարույթի շրջանակում ներկայումս որևէ անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Նախաքննությունը շարունակվում է: Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Հիշեցնենք, որ 2023–ի սեպտեմբերի 25–ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը 219 հոգու կյանք է խլել, շուրջ 300 հոգի վիրավորում է ստացել, 22 հոգի անհետ կորած է։
Հայաստան
2023–ին Ասկերանի մոտ բենզինի պահեստում պայթյունի դեպքով ներկայումս որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի

Սկզբնաղբյուր: KARTSIQ