Հայաստանի զորավարժարաններից մեկում վրանային ավան է կառուցվում։ Այնտեղ նախատեսվում է անցկացնել վարժական հավաքների մասնակիցների տասնօրյա նախնական պատրաստությունը։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լյուդվիգ Գյուլնազարյանի հարցին։ Պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել է վարժական հավաքների արդյունավետությամբ և նախատեսվող փոփոխություններով։ Նա նաև հարցրել է՝ արդյոք դիտարկվում է հավաքները մասնակիցների նախկին զինվորական մասնագիտություններն ու հմտությունները հաշվի առնելով կազմակերպելու հնարավորությունը։ Ի պատասխան՝ Պապիկյանը 25-օրյա վարժական հավաքները համարել է վերջին տարիներին իրականացված բարեփոխումների կարևոր մաս՝ միաժամանակ նշելով, որ համակարգը դեռ պետք է կատարելագործել։ «Ներկայումս մեր զորավարժարաններից մեկում մեծ վրանային ավան է կառուցվում։ Դրա նպատակը վարժական հավաքներ անցնող մեր հայրենակիցների տասնօրյա նախնական զինվորական պատրաստությունն անցկացնելն է», - հայտնել է նախարարը։ Նրա գնահատմամբ՝ նոր ավանը թույլ կտա բարձրացնել պատրաստության արդյունավետությունը և մասնակիցների համար ապահովել ավելի հարմարավետ պայմաններ։ Պապիկյանը նշել է, որ ծրագրի իրականացմանն աջակցում է Եվրոպական միությունը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում ֆինանսավորում տրամադրելով։ Խոսելով մասնագիտական պատրաստության մասին՝ նախարարը հայտնել է, որ վարժական հավաքներն արդեն կազմակերպվում են՝ հաշվի առնելով մասնակիցների այս կամ այն մասնագիտացումը։ Միաժամանակ աշխատանք է տարվում հավաքների մասնակիցների՝ քաղաքացիական կյանքում ձեռք բերած փորձն օգտագործելու ուղղությամբ։ «Այժմ մարդիկ ավելի շատ են ցանկանում, որ բանակում օգտագործվեն իրենց կարողությունները, գիտելիքներն ու փորձը, որոնք ձեռք են բերել հետագա կրթության և աշխատանքային գործունեության ընթացքում։ Մենք այս ուղղությանն ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում։ Որպես կանոն՝ այս կամ այն զորամասին կցագրումը հիմնականում կատարվում է հենց այս կամ այն մասնագիտությունը հաշվի առնելով», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը։