Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից մատակարարումների համար անհրաժեշտ կլինի կառուցել գազատար և ստորագրել երկարաժամկետ պայմանագրեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Մենք ուշադրություն ենք դարձրել հայ և ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունների վերաբերյալ։ Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցության վերսկսման փաստը, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման ուղղությամբ դրական քայլի մասին», - նշել է Շևցովը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանից Հայաստան դիզելային վառելիքի և բենզինի մատակարարմանը՝ երկարամյա ընդմիջումից հետո։ Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը արձանագրել է, որ «կողմերը չեն ժխտում, որ այս պահին դրա մատակարարումն իրականացնելը դժվար է. անհրաժեշտ է նոր գազատարի կառուցում»։ «Իսկ դա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի առկայության դեպքում», - նշել է Շևցովը։
Հայաստան
ՌԴ ԱԽ-ում նշել են Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների պայմանները

Սկզբնաղբյուր: KARTSIQ