Վերջին ամիսներին Հայաստանի բենզինի շուկայում փաստացի հայտնվել է ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերությունը, որը միջնորդ կազմակերպությունների միջոցով դարձել է հանրապետություն բենզինի և դիզելային վառելիքի մատակարարող։ Այս մասին հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի նիստում, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Նման կերպ գործելով՝ SOCAR-ը ներկայում Հայաստանի նավթամթերքի շուկայի ի՞նչ մասնաբաժին է զբաղեցնում», - հարցրել է պատգամավորը՝ դիմելով թափուր պաշտոնի թեկնածու Շուշան Սարգսյանին։ Վերջինս իր հերթին հայտնել է, որ իրեն հայտնի չեն ադրբեջանական SOCAR ընկերության կողմից կամ դրա ապրանքանիշով հայկական շուկա բենզինի ուղղակի ներմուծման դեպքեր։ «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի ամիսներին Ձեր նշած երկրից ներմուծում չենք ունեցել։ Բենզին ներմուծում ենք տարբեր երկրներից, այդ թվում՝ եվրոպական», - նշել է թեկնածուն։ Ղազարյանը հակադարձել է. «Ադրբեջանում նավթի և գազի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող միակ ընկերությունը SOCAR-ն է։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանից դիզելային վառելիք կամ բենզին է ներկրվում, ապա պետք է հաշվի առնել, որ այնտեղ այլ սուբյեկտներ պարզապես չկան։ SOCAR-ը դրան չի՞ մասնակցում։ Ինչպե՞ս թե։ Ես խոսում եմ միջնորդ ընկերությունների միջոցով մատակարարումների մասին»։ Ի պատասխան՝ Սարգսյանը պարզապես կրկնել է իր թեզերը։
Հայաստան
«Քաղաքացիական պայմանագրի» առաջադրած թեկնածու. Վերջին մի քանի ամիսներին Ադրբեջանից Հայաստան վառելիք չի ներկրվել

Սկզբնաղբյուր: KARTSIQ