«Ռոսատոմը» պատրաստ է Հայաստանում նոր էներգաբլոկի հնարավոր շինարարությանը ներգրավել միջազգային, այդ թվում՝ Եվրոպական միության և Ասիայի երկրների արտադրողներին։ Հայ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Նրա ներկայացմամբ՝ «Ռոսատոմն» առաջարկում է ապագա ծրագիրն իրականացնել որպես տարբեր մատակարարների մասնակցությամբ միջազգային համատեղ նախագիծ։ «Մենք պատրաստ ենք սա դիտարկել որպես համաշխարհային մատակարարների ներգրավմամբ միջազգային ինտեգրված նախագիծ», - նշել է Լիխաչովը։ Նա ընդգծել է, որ ընկերությունն արդեն իսկ ունի նման փորձ և իրականացնում է նախագծեր, որտեղ կիրառվում են տարբեր երկրների տեխնոլոգիաներն ու արտադրանքը։ Որպես օրինակ՝ Լիխաչովը նշել է Ղազախստանի նախագիծը, որտեղ ՎՎԷՌ-1200 տեսակի նոր էներգաբլոկը նախատեսվում է կառուցել միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ ֆրանսիական, հարավկորեական և չինական ընկերությունների մասնակցությամբ։ Առայժմ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը։ «Ռոսատոմի» ղեկավարի պարզաբանմամբ՝ ամեն ինչ կախված կլինի հայկական կողմի՝ պատվիրատուի, կառավարության և տեխնիկական բանակցություններ վարող մասնագետների ցանկություններից։ Լիխաչովը շեշտել է, որ տեխնոլոգիայի, մատակարարի և նախագծի իրականացման մոդելի ընտրությունը բացառապես Հայաստանի որոշելիքն է։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ «Ռոսատոմը» Հայաստանին է փոխանցել առնվազն 1 ԳՎտ հզորությամբ և ՎՎԷՌ-1000 տեխնոլոգիայով էներգաբլոկ կառուցելու առաջարկը։
Հայաստան
Եվրոպական ու ասիական ընկերությունները ևս կարող են մասնակցել Հայաստանի նոր ԱԷԿ-ի կառուցմանը

Սկզբնաղբյուր: KARTSIQ