Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ ես Ադրբեջանական կողմին ասել եմ, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանում մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան, ինչպես նշեց Կառավարության ղեկավարը, ադրբեջանական կողմն ընդունել է, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքին գործն է։ «Այդուհանդերձ, նրանք տեղեկացրին, որ ունեն համապատասխան քաղաքական դիրքորոշում (խաղաղության պայմանագրի ստորագրումը միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց հետո - խմբ.)… Բայց եթե մենք այսպես թե այնպես որոշել ենք փոխել մեր Սահմանադրությունը, և դա, ի դեպ, մեր կառավարության ծրագրի մասն է կազմում, ի՞նչն է մեզ խանգարում հաճելին համատեղել օգտակարի հետ։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը նման բան է ասում, ի՞նչ է, մենք պետք է հրաժարվե՞նք մեր օրակարգից։ Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով ու ընդունենք նոր Սահմանադրություն»,- իր տեսակետը հայտնեց գործադիրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, որը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։ «Եվ մենք կփորձենք ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է։ Կփորձենք համոզել։ Եթե չհաջողվի, կգնանք այլ սցենարներով։ Օրինակ՝ կարող ենք արտահերթ (խորհրդարանական - խմբ.) ընտրություններ անցկացնել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- նշեց Փաշինյանը։ Այնուհետև նա հավելեց, որ քաղաքացիների առջև պարտավորություն ունի՝ խաղաղության պայմանագիր կնքելու և Սահմանադրությունը փոխելու։
Հայաստան
Արտահերթ ընտրությունների կգնանք, եթե չստացվի ԱԺ–ում նոր Սահմանադրությունն անցկացնել

Սկզբնաղբյուր: KARTSIQ