Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի գործողությունները արդարացնող վարկածներ շրջանառելուն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ նախ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով փորձ արվեց հանրային ուշադրությունը շեղել այս արտառոց դեպքից։ Այնուհետև Փաշինյանը հարցազրույցում հնչեցրեց մի վարկած, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ըստ նրա՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը պարզապես մոլորվել է և ոչ թե նպատակային ներթափանցել Հայաստանի տարածք։ Օրերս գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ ուղևորվեցինք Շաքի՝ տեղում ծանոթանալու դեպքի մանրամասներին։ Ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ ողջ հանրությունն ունեն մի շարք անպատասխան հարցեր։ Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը անարգել հատել Հայաստանի պետական սահմանը։ Որքա՞ն ժամանակ է զինված ադրբեջանցին գտնվել ՀՀ տարածքում։ Ինչպե՞ս է հասել գյուղ և հայտնվել բնակիչներից մեկի տանը։ Ինչո՞ւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ զինծառայողին հնարավորինս շուտ հայտնաբերելու ուղղությամբ։ Եթե նման միջոցառումներ ձեռնարկվել են, ապա ինչո՞ւ որևէ արդյունք չի արձանագրվել։ Չհամարձակվեք այս բարձիթողի իրավիճակը կոծկել ընդամենը մեկ պաշտոնյայի աշխատանքից ազատելով։ Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել տեղի ունեցած ահասարսուռ դեպքը, որը կարող էր շատ ավելի ողբերգական հետևանքներ ունենալ։ Հանրային արձագանքը տապալեց իշխանության պլանները, և Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»: Ցավոք, զարմանալի չէր նաև, որ Փաշինյանը բացառեց ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու մեր առաջարկը։ Մինչդեռ, ազգային ու պետականամետ իշխանությունը կօգտագործեր յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր պատանդառված հայրենակիցների վերադարձն ապահովելու համար։ Ահա՛ այս իշխանությունների բերած «խաղաղությունը»։ Սրանք չեն կարողանում ապահովել անգամ ոչ սահմանամերձ գյուղի բնակիչների անվտանգությունը։