Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների և Հայաստանում հավատարմագրված՝ մաքսային և հարկային համագործակցության հարցերով Լեհաստանի ֆինանսների նախարարի ներկայացուցիչ, առաջին խորհրդական Բարտոշ Գրուշեցկիի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից: Հանդիպմանը Բարտոշ Գրուշեցկին ներկայացրել է Լեհաստանի մաքսային և հարկային համակարգերի առանձնահատկությունները, իրականացված բարեփոխումները և զարգացման հիմնական ուղղությունները։ Քննարկումների առանցքում եղել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները։ Մասնավորապես, կարևորվել են Հայաստանում սահմանների համալիր կառավարման ռազմավարության մշակման և իրականացման ուղղությամբ Լեհաստանի փորձի ուսումնասիրման և հնարավոր աջակցության հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։ Կողմերն ընդգծել են երկու երկրների համապատասխան կառույցների միջև մասնագիտական երկխոսության շարունակականության ապահովման, լավագույն փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Հանդիպման արդյունքում վերահաստատվել է մաքսային և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։
Հայաստան
ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ– և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Սկզբնաղբյուր: KARTSIQ