ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրեր առաջ Գանձասարում տեղի ունեցած ադրբեջանական բացահայտ ծաղրին, արհամարհանքին, կեղծիքին ու քարոզչությանը արձագանքում է՝ «Գանձասարում ի՞նչ դեպք կա, որ էդքան Գանձասարի մասին խոսում ենք, էլի»։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մակարդակի քաղաքական ու ազգային անկում պետք է ապրած լինի իշխանությունը, որպեսզի սեփական ժողովրդի պատմական, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ բացահայտ արհամարհանքը ներկայացվի որպես «...ի՞նչ դեպք կա...», այսինքն ոչ մի բան էլ չկա՞, իզուր խոսում է ժողովուրդը... Գիտե՞ք, ոչ մի ազգի մոտ ստորաքարշությունն ու ստրկամտությունը երբեք չի գովաբանվել ու փորձ չի արվել վերածել այն հանրային բնավորության և կենսակերպի այնքան, որքան մենք դա տեսնում ենք այսօրվա իշխանավորների վարքագծում, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին, ազգային արժանապատվությանը և սեփական ժողովրդի ինքնությանը։ Այստեղ նույնիսկ ամենակարևորն այն չէ, թե ադրբեջանցին ինչ է ասում և ինչպես է ասում։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե հայկական կողմից իշխանություն կոչվողներն ինչ են ասում և ինչպես են պահում իրենց։ Որովհետև ադրբեջանցու կողմից հնչող սուտը մեզ անծանոթ չէ, միշտ են ստել, դա իրենց խնդիրն է։ Բայց երբ սեփական իշխանության ներկայացուցիչը դրա դիմաց ոչ միայն չի պաշտպանում ազգային արժանապատվությունը, այլ փորձում է նսեմացնել տեղի ունեցածը, դա արդեն մեր՝ հայկական կողմի խնդիրն է։ Արմեն Խաչատրյանի պահվածքից ու արձագանքից ավելի շատ երևում է մեկ այլ բան՝ ՎԱԽ։ Վախ ոչ միայն Ադրբեջանի արձագանքից, այլև սեփական շեֆից։ Այնպիսի վախ, որ մարդը պատրաստ է ամեն ինչ փոքրացնել, լռեցնել ու արդարացնել, միայն թե վերևից դժգոհություն չլինի։ Իրականում սա արդեն պարզապես մեկ պատգամավորի անհաջող արտահայտությունը չէ, այլ իշխանության մտածողության ցուցիչ, երբ ազգային արժանապատվությունը դառնում է «ավելորդ խնդիր», իսկ պատմական հիշողությունը՝ «խանգարող հանգամանք» կեղծ «խաղաղությանը» չվնասելու համար: